Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչինչ մեզ չի խանգարելու, չի կաշկանդելու ոչ մեկի վարկանիշը». Արարատի մարզպետ

Նոյեմբեր 07,2018 15:17

«Ոչինչ մեզ չի խանգարելու, չի կաշկանդելու ոչ մեկի վարկանիշը: Ասեմ ավելին, այս ընտրությունները ցույց կտան թե ով ինչ վարկանիշ ունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`Արարատի մարզում բավական ամուր դիրքերում են Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանը, ներկայիս իշխանության նախկին թիմակից Արամ Սարգսյանը`իրենց վարկանիշի հետ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել, մանավանդ, ձեզ հետ կապված մարզում վերջերս բավական դժգոհություններ եղան`կապված առողջապահական հիմնարկներում անհիմն ազատումների հետ: Գարիկ Սարգսյանը հիշեցնում է, որ նախկինում ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, համատարած կաշառք է բաժանվել ու այդ պայմաններում «ռեկորդակիր պատգամավոր ենք ունեցել»: Գարիկ Սարգսյանն այդ մարդկանց կոչ է անում նոր իրողությունների պայմաններում ցույց տալ`որքա՞ն է իրենց վարկանիշը, թե՞ դա «ուղղակի փուչիկ է»:

Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է առաջիկա արտահերթ ընտրություններում: Դեռ չգիտի, թե ո՞ւմ հետ է մրցելու, մրցակիցները դեռ չեն հայտարարել: Հարցին`ի՞նչ ակնկալիքներ ունի`պատասխանեց. «Տոկոսների վերլուծություն չեմ արել, ակնկալիքներ չունեմ, թող լինեն ազատ-արդար ընտրություններ, ժողովրդի կամքն արտահայտվի քվեախցիկում, մենք էլ հաշվի կնստենք ընտրությունների արդյունքների հետ»:

Մարզում դեռ պտտվող ՀՀԿ-ի շնչի մասին դիտարկմանն էլ արձագանքեց. «Ժողովուրդը շնչում է, ժողովուրդն ապրում է Արարատի մարզում: Եղել են մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով եղել են, քայլել են ՀՀԿ-ի հետ, բոլորն էլ մեր բնակիչներն են, հայ մարդիկ են, թող շնչեն, թող ապրեն նոր Հայաստանում` ավելի վստահ, ավելի պաշտպանված»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Գարիկ Սարգսյանն ասում է, որ ներդրողները շունչները պահած են սպասում արտահերթ ընտրություններին: Բայց Aravot.am-ի հարցին`կարո՞ղ է կոնկրետ ներդրողների անուններ, ծրագրեր հրապարակել, ի՞նչ ծավալի ներդրումների ակնկալիքներ ունեն, պատասխանեց, որ ներդրողների անուններ ասել չի կարող, ոչ էլ ներդրումների հնարավոր ծավալներ կարող է հրապարակել. «Բայց այդ ներդրողները կան, ես նրանց հետ խոսել եմ հեռախոսով: Դրսից ներդրողներ են»: Միայն ծրագրեր նշեց`գյուղատնտեսական, տուրիզմի, շինարարության զարգացման: Արարատի մարզում եւս նախատեսվում էր «Իմ քայլը`հանուն Տավուշի» բիզնես-ֆորումի նմանօրինակն անցկացնել: Արտահերթ ընտրություններն են խանգարել. ֆորումը հետաձգվել է եկող տարի:

Գարիկ Սարգսյանին նաեւ հարցրեցինք`իր կարծիքով իր վարկանիշը մարզում որքա՞ն է. առաջիկա ընտրություններում մարզում «Իմ քայլին» ձայներ գնալու են ի՞ր վարկանիշի հաշվին, թե՞ Նիկոլ Փաշինյանի: «Վարկանիշի մասով`գնահատականը կտա ժողովուրդը: Թող լինեն ընտրություններ, բոլորին պարզ կլինի, թե ո՞վ ի՞նչ վարկանիշ ուներ`թե դաշինքի մասով, թե առանձին ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների մասով»:

Aravot. am-ի խնդրանքին`հստակեցնել`որքա՞ն է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ձայն բերելու, որքա՞ն`իր, մարզպետը պատասխանեց. «Միանշանակ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշին ոչ մի մեր ռեյտինգային թեկնածու չի կարող հասնել»: Հակընդդեմ հարցին`բոլորիդ հույսը վարչապետի՞ վարկանիշն է, մարզպետը պատասխանեց. «Ոչ: Բոլորիս հույսը մեր աշխատանքն է, մեր քարոզարշավն է: Բոլորս էլ մեր մասով օգնելու ենք մեր դաշինքին, անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930