Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց իր ոլորտի հատկացումները: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրանից հետաքրքրվեց, թե ստվերի կրճատման ուղղությամբ ինչ եք արել: Թորոսյանն էլ պատասխանեց. «Առողջապահությունում եղել է եւ հիմա էլ ինչ-որ չափով կա ստվերային շրջանառություն: Մեր գործունեությունը նաեւ պետք է միտված լինի ստվերի կրճատմանը, բայց չեմ համարում դա մեր հիմնական գործառույթ: Վարչարարությունը այդտեղ մեծ դեր ունի: Մեր ոլորտում 30 տոկոս աճ ունենք, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատումով: Թե մենք ինչ ենք անում, որ խրախուսենք ստվերի՝ սպիտակ դաշտ գալը, պետպատվերի բաշխման սկզբունքը այնպիսին է, որ մենք դրդում ենք, որ շատ ցույց տա, որ ստանա շատ միջոցներ»: Նա ասաց, որ Երեւանում չծախսված գումարները բաշխում են մարզերում:
Մելքումյանն ասաց, որ գյուղական համայնքներից գալիս են մայրաքաղաք՝ բժշկական ծառայություններ ստանալու եւ այդ հոսքը ճիշտ չէ, դուք պետպատվերը ո՞նց եք տեղաբաշխում, փոխո՞ւմ եք սկզբունքը: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ հիմա ոչ մի խնդիր չի լինելու, որ մարզերից գան Երեւան՝ բուժօգնություն ստանալու: Նա ասաց, որ այսուհետ, ասենք, Գյումրիի բուժկենտրոնի տնօրենի կամ Վանաձորի բուժկենտրոնի միջամտությամբ ավելորդ գումարներ չեն տրամադրելու այս կամ այն հիմնարկին, այլ նայելու են՝ եթե բնակչությունը նույն քանակի է, նույնքան ֆինանսավորում են տրամադրելու:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստոմատոլոգիական բժշկական ծառայություններից հարցրեց՝ այս տարի 100 մլն-ով ավելացվել է հատկացումները, ունե՞ք ծրագիր, որով նախատեսում եք ծառայությունները ընդլայնել, որովհետեւ կարիքավորները շատ են ու սոցիալապես անապահովները չեն կարողանում օգտվել այդ ծառայություներից: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ ավելացված գումարներն ուղղվելու են տարվա ընթացքում չսպասարկվող անձանց սպասարկմանը. «Մարդիկ փաստացի փչացած ատամներով սպասում էին շատ երկար ժամանակ»:
Արա Բաբլոյանը առողջության ապահովագրությունից խոսելով՝ ասաց. « 2010-ից հետո 10-20 անգամ աճել են ծավալները: Մենք 2010-ին ընդունեցինք օրենք, որով տվեցինք արտոնություն եւ եկամտահարկից ազատեցինք, այն վճարը՝ մինչեւ 10 հազար դրամ ամսական, որը գործատուն կուղղեր իր աշխատակցի ապահովագրությունը: Մենք այն ժամանակվա կառավարության հետ լուրջ քննարկումներ ենք ունեցել: Տիգրան Սարգսյանն ինձ ասում էր՝ պարո՛ն Բաբլոյան դուք ուզում եք մտնել բյուջեի գրպա՞նը: Ես ասացի՝ ոչ, գրպանը չէ, կներեք, պիստոնչիկը, որը դատարկ է»:
Բաբլոյանն ասաց, որ «երբ գործատուն վերանորոգում է սարքը, ծախս է համարվում դա, երբ դպրոցում վերանորոգվում է գրատախտակը, սեղան-աթոռները, ծախս են համարում, իսկ հիմնական գործիքը՝ տրակտորիստը, որը հիվանդ է, մենք ուզում ենք վերանորոգել, ծախս չենք ուզում համարել, համարում ենք, որ տրակտորն առանց տրակտորիստի կարող է վար ու ցանք անել: Ինչո՞ւ մենք ուսուցչի առողջությունը չենք ուզում վերականգնել, ուզում ենք հարկ վերցնել, երբ որ ոչ թե գրատախտակն է կրթողը, այլ՝ ուսուցիչը: Մեր քաղաքացիների առողջությունը մեր տնտեսության զարգացման ամենամեծ երաշխիքն է: Եթե մենք հիմնական մեր գործիքը չենք ուզում սարքին պահել, մենք չենք կարող ունենալ զարգացող տնտեսություն»:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ծիծաղեց՝ արձագանքելով. «Հայտնի անեկդոտում ինչպես է, մեկն ասում է՝ մենք տրակտորներ շատ ունենք, տրակտորիստներ՝ քիչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ