Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվել հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության։ Միջոցառման շրջանակներում հայկական տաղավար են այցելել բազմաթիվ հյուրեր, այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ։
Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին և վերադարձել հայրենիք։ Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաև նոյեմբերի 7-ին։
Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։ Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը և տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաև՝ հաստատել գործնական կապեր։
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ