«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի համոզմամբ, Արամի 23 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկատվություն է փոխանցվել:
«Հակառակ կողմը , որը նախորդ իշխանությունների ժամանակ ակտիվ գործող, ինչու չէ՝ քրեածին տարրեր էին , որոնք ինչ ուզես արել են ու չեն պատժվել, կարողացել են սողանքներ գտնել, առայսօր աշխատում են, որ շենքը քանդվի: Վարչապետը մի քանի օր առաջ խորհրդարանում ասաց, որ խնդիր կա հին Երեւանի հետ ու շենքը երկու մետր պետք է տեղափոխել, ու բոլոր հարցերը կլուծվեն, ես սա համարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ տգեղ քայլ իր մտերիմ շրջապատից, որովհետեւ այդ խոսքերը, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, լսում ենք հակառակ կողմի, ինչպես ուզում եք անվանեք, վերաքանդող կամ վերակառուցող կողմի բերանից: Փաշինյանի ելույթից ութ օր առաջ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ էին եկել ու նույն բառերն էին ասում ինձ: Օրենքն արգելում է դա, հակաօրինական բա ՞ն եք ուզում անել: Ես կարծում եմ, որ սա հանցավոր պայմանավորվածություն է մյուս կողմի հետ, որոնք մնացուկն են նախկին իշխանության ու կարողացել են ճանապարհներ գտնել դեպի Նիկոլ Փաշինյանը ու այս ապատեղեկատվությունը փոխանցել վարչապետին, այսինքն, արջի ծառայություն են մատուցել»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Տիգրան Հեքեքյանը:
Նա նաեւ քաղաքական հայտարարություն համարեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը, թե քանի ինքը ճարտարապետ է, այլեւս ոչ մի պատմամշակութային արժեք ներկայացնող շինություն չի քանդվի, այդ թվում նաեւ Արամի 23 հասցեի շենքը: Պարոն Հեքեքյանի կարծիքով, չնայած այդ հայտարարությունը համաձայնեցված էր թե քաղաքապետի, թե վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ, սակայն այդ հայտարարությունից հետո էլ երեկ կեսօրին մի քանի տղամարդ է եկել Արամի 23 հասցե, ցանկություն հայտնել, որ քանդի հարեւանի սեփականություն հանդիսացող շինությունները:
Պարոն Հեքեքյանը նաեւ ասաց, որ այս օրերին շենքի ճակատագրով պայմանավորված խաթարվել են նշված հասցեում Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի աշխատանքները:
Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ նկատեց, որ Հին Երևանի տարածքում բոլոր աշխատանքները կատարվում են ապօրինաբար:
Ճարտարապետ Դավիթ Նահատակյանն ասում է, որ վերջին 25 տարում մեծ սխալներով են կատարվում պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները: Ըստ նրա, ոլորտը ոտքից գլուխ պետք է փոխել, մոտեցումները փոխել, որ պատմամշակութային ժառանգությունը օրենքով պահպանվի, չքանդվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ