Օրերս ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ ՀՀ-ն պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ առանց նախապայմանների: Միաժամանակ, Թուրքիան հիշեցրեց իր անփոփոխ մոտեցումը՝ սահմանը կարող է բացվել, եթե Արցախյան հակամարտության համատեքստում ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը նկատում է՝ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ-ի կեցվածքը չի փոխվել: «Նրա հայտարարությունից պետք չէ հասկանալ, թե նա այդ հարցում որեւէ նախաձեռնություն իրականացնելու ծրագիր ունի»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:
Կիրո Մանոյանը շեշտեց՝ չնայած ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, Թուրքիան շարունակում է նախապայման առաջադրել, ուստի այս հարցում առաջ շարժվելու տեղ չկա. «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այդ պատճառով Ղարաբաղի հարցը չի կարգավորվում: Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների, դա իսկապես կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դա կստիպի Ադրբեջանին՝ լինել պակաս կամավոր եւ բանակցել»:
Քաղաքագետի բնորոշմամբ՝ քանի դեռ Թուրքիան նախապայման է առաջադրում, Ադրբեջանն ավելի կշարունակի իրեն շփացած երեխայի պես պահել. «Ալիեւն էլ դեռ չի հասկացել, որ Ղարաբաղի հարցում ՀՀ նախորդ եւ գործող իշխանությունների մոտեցումներում շատ տարբերություն չկա, հատկապես, երբ Փաշինյանը շեշտում է, որ Ղարաբաղը պետք է ուղղակի մասնակցի բանակցություններին»:
https://www.youtube.com/watch?v=mj6vEUdmD4k
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ