«Դուք մի հատ հայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ ու մի փորձեք սրա-նրա վրա տակառ գլորել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՔՊ-ին միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, մյուսներն ի՞նչ ընդդիմություն են:
Մարուքյանը Շարմազանովին պատասխանեց իր իսկ նախընտրած ասացվածքով. «Երբ որ ապրում ես ապակե տնակի մեջ, ուրիշների վրա քար մի շպրտիր»:
Հարցին՝ նախընտրական շրջանում ձեր թիրախում ո՞ր ուժն է լինելու՝ ՀՀԿ-ն է լինելո՞ւ՝ նա պատասխանեց, որ դեռ ռազմավարությունը չեն քննարկել, այս պահին զրոյական վիճակ է, բոլոր ուժերն ունեն հավասար հնարավորություններ. «Սպիտակ թղթից սկսում ենք, եւ մենք պետք է ներկայացնենք մեր անելիքները, պետք է ներկայացնենք, թե որս ինչ ներդրում ենք ուզում ունենալ պետականաշինության գործում»: Հարցին՝ 12 օրը բավարա՞ր է դրա համար՝ Մարուքյանն ի պատասխան վստահեցրեց, որ քաղաքացիները գիտեն, թե որ գործիչն ինչ է արել, սկզբունքայի՞ն է, թե՞ ոչ: Քաղաքացին գիտի, որ, օրինակ, Մանե Թանդիլյանը եղել է «Դեմ եմ» շարժման մեջ, հետո՝ լավ պատգամավոր, հետո՝ լավ նախարար, նո՞ր պետք է ճանաչի:
Հարցին՝ երեկ Մասիսում դուք քարոզարշավն արդեն սկսել էիք՝ Մարուքյանը չհամաձայնեց՝ ասելով, որ քարոզարշավ չի սկսել, գրասենյակ էր բացում, բայց յուրաքանչյուր քարոզարշավ սկսվում է ընտրությունների հաջորդ օրը՝ մինչեւ մյուս ընտրություններ. «Ես գրասենյակներ եմ բացում, հանդիպումներ եմ անում, եթե դա քարոզարշավ է, կներեք»:
Նա ասաց, որ ֆինանսական խնդիրներ կան. «Կարող եմ ասել, որ որքան փող լինի, այնքան շատ դու կարող ես ծախսել քարոզարշավի ժամանակ: Մեր մոտեցումն է խելացի ծախսր անելը: Մենք, օրինակ, ծախսելու ենք 1 մլն դրամ, այդ 1 միլիոնը տալու է 10 մլն դրամի էֆեկտ»:
Նա ասաց, որ որեւէ ուժի հետ համագործակցությունը չեն բացառում. «Ե՞րբ ենք ասել, որ մեր դուռը փակ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ