«Կիսում եմ ՀՀ Պաշտպանության նախարարության մոտեցումը, որ ՀՀ-ն պետք է շարունակի պաշտոնավարել ՀԱԿՊ-ում, բայց վստահ չեմ, որ ՀԱՊԿ մյուս անդամները համակարծիք են՝ հատկապես այն վերաբերմունքի պատճառով, որը մենք ցուցաբերեցինք ՀԱՊԿ-ի հանդեպ: Յուրի Խաչատուրովին կալանավորել, մեղադրանք առաջադրել՝ առանց համապատասխան նախապատրաստական աշխատանքների…Դա ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի հանդեպ վիրավորանք»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել են, իսկ հաջորդ հավանական թեկնածուն է Բելառուսի ներկայացուցիչը(թեեւ ՀՀ–ն ՀԱՊԿ–ում պաշտոնավարումը շարունակելու ժամանակ դեռ ունի), ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ-ն նախաձեռնել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը, քանի որ Մարտի մեկի հայտնի քրեական գործով նրան ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված:
Ըստ Կիրո Մանոյանի՝ ցավոք, ՀԱՊԿ-ում կշարունակեն իրենց վիրավորված զգալ. «Այդ մոտեցումը ՀՀ-ի հանդեպ կշարունակվի: Նրանք համաձայն չեն լինի, որ ՀՀ-ն շարունակի պաշտոնավարումը»: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Ադրբեջանը հավակնում է ՀԱՊԿ անդամ դառնալ, Կիրո Մանոյանը հիշեցրեց՝ դա հնարավոր չէ, քանի որ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն ունի առարկելու իրավունք. «Ադրբեջանը միշտ էլ կարող է նման փորձեր անել՝ պարզապես ՀՀ-ին անհանգստացնելու նպատակով: Ռուսաստանն էլ, եթե ոչ ՀԱՊԿ այլ անդամներ եւս, շահագրգռված է լինելու՝ փորձել ցույց տալ Ադրբեջանին, որ նա կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ»:
Նման պահվածքի նպատակը, ըստ Կիրո Մանոյանի, Ադրբեջանին ռուսական որոշ շահերի օգտին գրավելն է. «Համոզված եմ՝ քանի դեռ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը չի կարող անդամակցել կառույցին: Նա ուղղակի սպառնալիք է մեզ համար, ինչպե՞ս կարող է դառնալ անվտանգությանն առնչվող ՀԱՊԿ-ի պես կառույցի անդամ»:
https://www.youtube.com/watch?v=NeBe8y0wUSk
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ