Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը հրաժեշտ է տալիս քաղաքականությանը ու բացատրում, թե ինչու է ժամանակին մտել ՀՀԿ

Նոյեմբեր 07,2018 13:45

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ոչ ինքը, ոչ էլ իր որդին չեն մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Բաբլոյանն ասաց, որ ինքը գնալու է իր ոլորտ՝ առողջապահություն ու չի առաջադրվում, որպեսզի ավելի երիտասարդներն առաջադրվեն. «Ես 71 տարեկան եմ, բավական է, ինչ գործունեություն որ ծավալել եմ քաղաքականության մեջ: Կարծում եմ, որ հիմա պետք է ավելի երիտասարդ, բայց միեւնույն ժամանակ փորձառություն ունեցող եւ բանիմաց մարդիկ մասնակցեն: Կարծում եմ, որ նրանք առկա են»:

Արա Բաբլոյանը կիսում է Վիգեն Սարգսյանի այն տեսակետը, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, իսկ թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը՝ նա ասաց. «ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային եւ մասնագիտական պոտենցիալ եւ կարծում եմ, որ այդ պոտենցիալը հետագա մեր զարգացումներում պետք է օգտագործել»: Հարցին՝ ՀՀԿ-ն հնարավո՞ր է վերափոխվի, շտկի սխալները՝ Բաբլոյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չէ: Եթե վերցնենք անհատներին, օրինակ, Վիգեն Սարգսյան, ես ուզում եմ իմանալ՝ մենք ի՞նչ թերություն ենք տեսնում, տեսնում ենք, որ այդ մարդը դրական կերպար ունի՝ կրթված, բանիմաց: Եթե ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների եւ բարեփոխումներ իրականացնել հենց ներսում՝ կուսակցության մեջ, ապա ես ձեզ ասեմ, որ երբ ես մտա ՀՀԿ 2012-ին, մտա միայն այն բանի համար, որովհետեւ կուսակցությունը վերցրել էր այն ճանապարհը, որ մոնոպոլիաների դեմ պայքարեր, կոռուպցիայի դեմ պայքարեր: Ես եղել եմ կառավարության անդամ, իշխանության մեջ եւ եղել եմ ոչ կուսակցական, ԱԺ-ում էի ես արդեն, երբ մտա կուսակցություն, այսինքն, մտա ոչ թե նրա համար, որ պաշտոն զբաղեցնեմ: Ինձ համար պաշտոնը ոչ թե նրա համար էր, որ ցույց տայի՝ Արա Բաբլոյանն ինչ-որ պաշտոն ունի, այլ, որ կարողանայի մասնակցել, ավելի ճիշտ ձեւով ծրագրերն առաջ տանել»:

Հարցին՝ ՀՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն է՝ նա պատասխանեց, որ ընդդիմություն կլինի այն ժամանակ, երբ կլինի փոքրամասնություն «Երբ ընտրություններն ավարտվեն, այն ժամանակ պարզ կլինի ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930