ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում իր գործունեությունն է սկսում «Լորիս-Մելիքով» բանավեճի ֆորումը: Այն կոչված է ձևավորելու հասարակական և գիտա-վերլուծական հարթակ ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային քաղաքական գործընթացները քննարկելու և արժևորելու համար:
Ֆորումի առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում Հայաստանի և Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ համապատասխանաբար հայկական և ռուսաստանյան հասարակություններում օբյեկտիվ վերաբերմունքի ձևավորումը:
Դրա պարբերական նիստերը կգումարվեն նվազագույնը ամիսը մեկ անգամ` ռուսաստանյան առաջատար հետազոտական կենտրոնների հետ համագործակցաբար: Բանավեճի Ֆորումը լրացուցիչ պայմաններ կստեղծի Հայաստանի, Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում և աշխարհի տեղի ունեցող հիմնարար իրադարձությունների մասին մտքերի փոխանակման, ինչպես նաև հայաստանյան, ռուսաստանյան, տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների քննարկման ու արժևորման նոր ձևերի ու ձևաչափերի իրացման համար:
Ֆորումի խնդիրներից է նաև ընդհանուր պատմական, մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերհանմանումը, պահպանումը և փոխանցումը:
«Լորիս-Մելիքով» բանավեճի ֆորումի առաջին նիստը, իբրև համատեղ գիտական սեմինար տեղի կունենա նոյեմբերի 8–ին, Ե. Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ: Այն նվիրված է լինելու միգրացիոն գործընթացներին և ժամանակակից անվտանգության խնդիրներին Եվրոպայում:
ԴԻԱԼՈԳ կազմակերպության բանավեճի ֆորումը կրում է ազգությամբ հայ, ռուսաստանյան պետական գործիչ, գեներալ և բարեփոխիչ Միխայիլ Լորիս-Մելիքովի անունը: Նա եղել է Ռուսաստանի Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի գլխավոր պետը, ներքին գործերի նախարարը, իրականացրել է պետական կառավարման համակարգի արդիականացման բարեփոխումներ:
ԴԻԱԼՈԳ