Այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ներգրավելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում եւ առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Նորք Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները:
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք ձայն հավաքելու՝ նա պատասխանեց. «Հաստատ ոչ ընտրակաշառքով»: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել էր, որ ինքը 30 տարվա վաղեմության խնդիրներ է լուծել ու դրա համար իրեն պետք է ձայն տան, ուստի մենք հարցրեցինք՝ դուք քանի՞ տարվա վաղեմության խնդիրներ եք լուծել այս ընթացքում՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես էլ 28»:
Լրագրողներն ասացին, որ առողջապահության ոլորտում այս 6 ամիսների ընթացքում երեւելի, շրջադարձային փոփոխություններ չեն եղել՝ Թորոսյանն արձագանքեց. «Շրջադարձայինի գնահատականը շատ հարաբերական է, շրջադարձային չեն եղել, բայց էական փոփոխություններ եղել են, որոնք շարունակական են լինելու»:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ առաջադրվել է՝ ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար: Նա վստահեցրեց, որ նոր Հայաստանում վարչական ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը տեղ չունի, ուստի ինքն էլ բժիշկների, բուժհիմնարկների տնօրենների հետ խոսակցություններ չի վարում, որ ձայն բերեն իրեն:
Լրագրողներն ասացին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում են այսպես ասած «հին գայլերը», դժվար չի՞ լինի մրցակցել նրանց հետ՝ նա պատասխանեց, որ դժվար չի լինելու, իսկ հին Հայաստանի մոտեցումները մնալու են հին Հայաստանում, ընտրություններում որոշիչ պետք է լինի միայն քաղաքացու ձայնը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ծխելու դեմ եք պայքարում, մտավախություն չունե՞ք, որ ծխողները ձեզ ձայն չեն տա՝ նա պատասխանեց. «Ծխողները շատ են շահելու ծխելու դեմ պայքարից: Նրանք առողջ են լինելու»:
Նա իր պաշտոնանկության լուրերի հետ կապված ասաց. «Ես դեռ պաշտոնավարում եմ, նոր կառավարության ձեւավորման ժամանակ, կարծում եմ, այդ հարցին լուծում կտրվի»: Նա ասաց, որ նոր նշանակումների հարցը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո: Հարցին՝ դուք ցանկանո՞ւմ եք պաշտոնավարել՝ նա պատասխանեց. «Պատրաստ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ