Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյան. «Ես վերջին 10 տարիների ընթացքում ստացել եմ երեք մատի կոմբինացիա». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2018 12:23

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը օրերս հարցաքննության է հրավիրել ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին։ Անդրանիկ Միրզոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

– Ըստ ՀՔԾ-ի՝ մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով, ու նախաքննական մարմինը պարզել է, որ դա արվել է հենց Վահագն Հարությունյանի ցուցումով։ Այս մասով Ձեզ հարց տվե՞լ են, տեղյա՞կ եք եղել, թե՞ ոչ։ Արդյոք դո՞ւք եք հրահանգել իրականացնել փամփուշտների փոփոխությունը։

– Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի, եւ ինչ-որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականացմանը, ավելի լավ է՝ այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին։ Ես այլ բան կարող եմ ասել, երբ 2007 թվականին հիմնադրվել էր Հատուկ քննչական ծառայությունը, նոյեմբեր-դեկտեմբերին, լավ գիտեք, որ այն գործում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում, ու դա ընկալվում էր դատախազության կցորդ։ Աշխատասենյակներ չկային, համազգեստի, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր դիմել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց։ Եւ այդպես դարձա բոլորի թշնամին։

2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները։ Լավ գիտեք, անհիմն խուզարկություններ, եղբորս տղուն կալանավորեցին, հետո բաց թողեցին, տղայիս առաջխաղացումը կանխեցին եւ հատուկ հայտարարեցին, որ այս իշխանության օրոք մի՛ սպասեք ոչ մի բանի։ Գիտությունների թեկնածու տղաս Ազգային անվտանգության ծառայությունից դուրս եկավ էլի Կուտոյանի հրամանով։

Ոչ կառավարության նիստերին են հրավիրել, նույնիսկ նախագահի ինագուրացիային չէին հրավիրում։ Ես իրենց համար ուրիշ մարդ էի։

Հիմա իշխանություն է փոխվել, նոր իշխանությանը ես ողջունում եմ հենց առաջին օրվանից, այսօր էլ եմ ողջունում եւ պատրաստ եմ ցանկացած բանի համար գնալ, պատասխան տալ, եթե ինչ-որ տեղ ես կամ։ Ըստ Ձեզ՝ եթե ես հրահանգեի, ինձ դուրս կհանեի՞ն համակարգից կամ իմ տղային դուրս կշպրտեի՞ն, գիտությունների թեկնածուին։ Իսկ ահա նոր ԱԱԾ տնօրենը եկավ եւ վերականգնեց տղայիս գործը, ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչել, բայց նա եկավ եւ տղայիս վերականգնեց աշխատանքում։ Ես վերջին 10 տարիների ընթացքում ստացել եմ երեք մատի կոմբինացիա։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930