Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 07,2018 11:47

Պաշտոնական տվյալներով, այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է։ Եթե առաջին եռամսյակում գործազուրկ է եղել բնակչության 20,6, ապա երկրորդում՝ 20,2 տոկոսը։

Սակայն սա էլ չի նշանակում, որ իշխանափոխությունից հետո աշխատատեղերը Հայաստանում ավելացել են։ Իրականում նման բան տեղի չի ունեցել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գործազրկության մակարդակը մեր երկրում շարունակել է մնալ խիստ բարձր։
Ավելին՝ առանց վարանելու կարելի է պնդել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում իրական աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլեւ նվազել են։ Դրանում դժվար չէ համոզվել ընդամենը մեկ-երկու ընկերության օրինակով։ Միայն Ամուլսարի ծրագրի կասեցման եւ Վանաձորի պղնձաձուլարանի գործունեության դադարեցման հետեւանքով փակվել է գրեթե 2 հազար աշխատատեղ։

Այնպես չէ, որ աշխատատեղերն ավելացել են այլ ընկերություններում։ Դրա համար անհրաժեշտ են առաջին հերթին նոր ներդրումներ, որոնք գրեթե չկան։ Ակտիվությամբ չի փայլում նաեւ գործող բիզնեսը։

Իշխանափոխությունից հետո Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական վիճակը բարենպաստ չէ տնտեսության ակտիվացման համար։ Կառավարության գործողությունների հետեւանքով բիզնեսը ոչ միայն հակված չէ հանդես գալ նոր նախաձեռնություններով, այլեւ ստիպված է մտածել սեփական անվտանգության ու հետապնդումներից խուսափելու մասին։ Պատահական չէ, որ տնտեսական գործընթացներն ընդլայնվելու փոխարեն գնալով սեղմվում են։ Չկան զարգացման, առավել եւս նոր աշխատատեղերի բացման ծրագրեր։

Ճիշտ է, այս ընթացքում կառավարությունը որոշ ընկերությունների տվել է հարկային եւ մաքսային արտոնություններ՝ բիզնես գործունեության իրականացման համար։ Այն ենթադրում է նաեւ որոշակի քանակության աշխատատեղեր։ Բայց դա անսովոր երեւույթ չէ եւ բնավ էլ առաջին տարին չէ, որ կառավարությունը նման արտոնություններ է տրամադրում։

Հասկանալի է, որ ժամանակ է պետք այդ արտոնությունների շրջանակներում նոր աշխատատեղեր ստեղծելու համար, թեեւ դրանք սովորաբար փոքր թվեր են։ Այնպես որ երկրորդ եռամսյակում գործազրկության կրճատում, եթե նույնիսկ ինչ-որ չափով եղել է նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին, ապա դա ոչ այնքան գործող, որքան նախորդ կառավարության աշխատանքի արդյունքն է։ Իշխանափոխությունից հետո դժվար է հիշել որեւէ քիչ թե շատ նշանակալի ծրագիր, որի շրջանակներում, ասենք, 50 կամ 100 աշխատատեղ է բացվել։

Հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում արձանագրված գործազրկության մակարդակի կրճատումը։
Դա ունի բացատրություն։ Սակայն խնդիրը բնավ էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետ չի կապված։ Գործազրկության մակարդակի կրճատումը հիմնականում թաքնված աշխատատեղերի հայտարարագրման արդյունք է։ Իշխանափոխությունից հետո այս առումով իսկապես առաջընթաց կա։ Հաշվի առնելով կիրառվող դեպրեսիոն գործողությունները՝ տնտեսավարողները ստիպված էին բացահայտել նախկինում ցույց չտրվող աշխատատեղերը։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930