Ես երեկ իմ ֆեյսբուքյան անձնական էջում տեղեկացրել էի, բայց հարկ եմ համարում ԶԼՄ-ների միջոցով ևս հաղորդում ներկայացնել հանցագործության մասին ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը:
Երեկ, 2018 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 22:05-ին անհայտ անձի/անձանց կողմից անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ անձնական հաշիվ, որի մասին ստացել եմ զգուշացնող նամակ սոցիալական ցանցի անվտանգության համակարգից:
Սոցիալական ցանցի իմ անձնական էջում առկա են բազմաթիվ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական կյանքիս վերաբերող, որի պաշտպանությունը ապահովված է ՀՀ Սահմանադրությամբ: Նկատի ունենալով վերոգրյալը և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսդրության պահանջներով՝ խնդրում և առաջարկում եմ իրավապահ մարմիններին և մասնավորապես Ոստիկանությանը և ԱԱԾ-ին սա դիտարկել որպես ԶԼՄ-ների կողմից հրապարակված և իմ կողմից վերահաստատվող հաղորդում հանցագործության մասին, և դրա ընթացքը լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացքով:
ՀՀ քաղաքացի Բորիս Թամոյան (Մուրազի)