Կրկնակի փորձաքննության եզրակացությունը զայրացրել է Մանուկ Սիմոնյանի եղբորը՝ Արամ Սիմոնյանին, որը սպանության գործով Մանուկ Սիմոնյանի իրավահաջորդն է։ Արամ Սիմոնյանն ասաց, որ իր համար արժանահավատ չեն այս փորձաքննության պատասխանները։ «Սա ինչ է։ Հինգ փորձագետ սպանությունից հետո եզրակացություն են տվել, որ Ռուզաննան աֆեկտի տակ չի եղել։ Էդ ինչպես պատահեց։ Էդ ոնց ստացվեց, որ բավական կասկածելի կազմով երկրորդ փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատասխանը տվեց, թե իբր Ռուզաննան աֆեկտի վիճակում է եղել։ Ես պնդում եմ, այս ամենը հատուկ են անում, որ Ռուզանին դուրս բերեն։ Բայց չի հաջողվելու իրենց։ Եղբորս գլուխը քարով ծեծելով 10 սմ դարձնողը չի կարող աֆեկտով դուրս գալ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ չկայացած դատական նիստի ժամանակ տպավորությունն այնպիսին էր, որ շուտով Ռուզաննան ազատ կարձակվի. «Եվ նրան ազատ կարձակեն, քանի որ եթե ազատ չարձակեն, ապա նա բերանը կբացի։ Իսկ որ բերանը բացի, կտա անուններ, ովքեր իրականում կատարել են այդ ամենը։ Ռուզաննան ու տղան, անխոս, ներկա ու մասնակից են եղել սպանությանը, բայց մենակ իրենք չեն եղել։ Ուրիշ մարդիկ էլ են եղել, և եթե դատավարությունը ու նախաքննությունը չգնար կոծկելու ուղղությամբ, ապա ամեն ինչ պարզ կդառնար»,- ասաց Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանին զայրացրել էր նաև փաստը, որ Ռուզաննայի փաստաբանը փորձել էր իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, այն պարագայում, երբ դատախազի բացակայության հիմքով դատական նիստը հետաձգվել է։ «Ես կասեցրեցի այդ փորձը։ Ես ասացի՝ եկեք կամ նիստ անենք, կամ ոչ։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է փաստաբանը միջնորդություն ներկայացնում, որ Ռուզաննայի խափանման միջոցը փոխվի։ Իսկ Ռուզաննան քմծիծաղը, լկտի ծիծաղը դեմքին նստած էր։ Չգիտեմ էլ՝ ինչի վրա էր հռհռում։ Բայց կտեսնեք, որ մինչև Նոր տարի Ռուզաննային կազատեն։ Նրան խոստացվել է, որ կազատեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ երեկվա նիստը, իր կարծիքով, միտումնավոր է տապալվել, և ինքը բացարկի միջնորդություն է ներկայացրել և՛ գործով դատավորին, և՛ մեղադրող դատախազին։
Սոնա Հարությունյան
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թրթի այսօրվա համարում