Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության դիրքորոշումը չկա

Նոյեմբեր 07,2018 12:00

Եթե «Սասնա ծռերին» գրանցեն որպես կուսակցություն, դա լինելու է մեր պետությանը հասցված ամենալուրջ հարվածը

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 75 պատգամավորներ, առանց դեմ եւ ձեռնպահների: «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը: Առնվազն 6500 անձ այս համաներման ընդունման դեպքում կազատվի պատժից կամ նրանց նկատմամբ կդադարի քրեական հետապնդումը։ Այս թվերը նախնական են։

Համաներմամբ քրեական հետապնդումից կազատվեն նաեւ 2016թ. ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց արարքները անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան: Մինչդեռ, օրինակ, Նորքի զինված խմբի անդամների վրա համաներումը չի տարածվում: Քննադատությանը, թե համաներումը տարբերակված է կիրառվում, արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանն արձագանքել է. «Սա կառավարության կամքն է: Այն կառավարության, որը շատ բարձր լեգիտիմություն ունի, եւ այս օրենքը ստացել է միայն կողմ քվեներ՝ 75: Մենք համաներման այս օրենքի նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել: Եթե որոշակի բացառություն կա այս կանոնից, ապա դա վերաբերում է «Սասնա ծռերին» եւ ապրիլի 24-ից զանգվածային անկարգության դեպքին: Ընդ որում՝ ոչ թե անհատական, այլ դարձյալ խմբային, բայց ընդհանրական»:

Ստացվում է՝ համաներմամբ պատժից կազատվեն ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերը», նրանց հանցակիցները, ինչպես նաեւ 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները: Համաներումը չի տարածվում ՊՊԾ գնդի տարածքում եւ վերը նկարագրված դեպքերի ժամանակ այն հանցագործների վրա, որոնց արարքից մարդ է մահացել:

Արտակ Զեյնալյանն ԱԺ արտահերթ նիստում համաներման մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում անդրադառնալով պատգամավորների դժգոհություններին, թե՝ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ են արձակում, երբ զոհվել է 3 ոստիկան, իսկ Նորք-Մարաշի զինված խմբի անդամներին, որոնք իշխանափոխության փորձ էին արել՝ ոչ, մտահոգությունները փարատել է, թե «Սասնա ծռերի» գործով կոնկրետ սպանության հետ կապ ունեցողները համաներմամբ ազատ չեն արձակվելու, համաներումը նաեւ չի տարածվելու նրանց վրա, որոնց գործողություններից տուժածները, պատանդները առարկություն կունենան:

Համաներումը մարդասիրական ակտ է, եւ այն, իհարկե, դրական քայլ պետք է որակել: Պետք է հուսալ, որ պատկան մարմինները կդրսեւորեն բացարձակ պրոֆեսիոնալիզմ՝ ընտրելով իսկապես համաներման արժանիներին, եւ համաներման արդյունքում հանրապետությունում չի աճի հանցագործությունների թիվը:

Բայց ի՞նչ է նշանակում արդարադատության նախարարի այս հայտարարությունը՝ «…համաներումը նաեւ չի տարածվելու նրանց վրա, որոնց գործողություններից տուժածները, պատանդները առարկություն կունենան»:

Այսինքն՝ տուժածներն ու պատանդները եթե հայտարարեն, որ խնդիր չեն տեսնում, հանցագործություններ իրականացրած մարդկանց պե՞տք է ներել:

Իսկ որտե՞ղ է պետությունը, որը կոչված է ապահովել օրենքի գերակայությունը, մարդկանց անվտանգությունը, պարտավոր է իրականացնել հանցագործներին պատժելու ֆունկցիան, որպեսզի կանխի նման հանցանքների կրկնությունը: Այսինքն՝ պետությունը այս մասշտաբի կարեւորության հարցում պատասխանատվությունը գցում է տուժածների ու պատանդների վրա՞: Իսկ ո՞րն է պետության դիրքորոշումն այդ հարցում:

Հանրապետությունում կարելի է գտնել հարյուրավոր կամ հազարավոր այլ հանցագործություններ, որոնց դեպքում եւս տուժածները հնարավոր է «ներեն» հանցագործներին: Բայց մի՞թե այդ հանցանքները նրանց ներելու դեպքում դադարում են հանցանք լինել ու կոչվել: Մինչդեռ այս դեպքում մենք գործ ունենք ընդդեմ պետության իրականացված հանցագործության հետ՝ անկախ նրանից, թե դա որ իշխանության օրոք է տեղի ունեցել:

Ներկա իշխանություններն ունե՞ն երաշխիքներ, որ նման գործողություններ չեն կրկնվելու ապագայում… Առհասարակ, իշխանություններն ուշադրությո՞ւն են դարձնում վերջին շրջանում «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչների ելույթներին եւ նրանց՝ զենքի նկատմամբ հանդուրժողականության վերաբերյալ ելույթներին (այդ թեմային անդրադարձել ենք հոկտեմբերի 24-ի «Առավոտ»-ում): Նկատենք, որ այդ ելույթները հնչում են նոր Հայաստանում, բայց դրանք ընդդեմ պետության են, ընդդեմ օրենքի: Այդ մարդիկ նույնիսկ չեն զղջացել ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած սպանությունների համար: Ու այս մարդիկ հավակնում են խորհրդարանական ընտրությունների մասնակցել:

ՀՀ արդարադատության նախարարության կայքում 2017թ. ապրիլի 1-ից հետո գրանցված կուսակցությունների շարքում «Սասնա ծռերը» չկա: Եթե Նոր Հայաստանի իշխանությունները գրանցեն «Սասնա ծռերին» որպես կուսակցություն, դա լինելու է մեր պետությանը հասցված ամենալուրջ հարվածը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 06.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Քանի որ դատարանի վճռով ՊՊԾ գնդի գրավումը չի որակվել ահաբեկչական ակտ, իսկ ծռերի խմբի անդամներից չեն համաներվելու զուտ սպանություն կատարողները (ինչը նշանակում է ոչ թե խմբային, այլ անհատական մոտեցում տվյալ խնդրին), ապա նման զարգացումների տրամաբանությամբ ոչինչ չի խանգարում, որպեսզի գրանցվի համանուն կուսակցությունը, եթե դրա համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ պահանջներին: Ինչ վերաբերում է «մեր պետությանը հասցված ամենալուրջ հարված» արտահայտությանը, ապա դա ընդամենը կլինի երևույթի ածանցյալ, քանի որ «հարվածը» վերաբերում է ոչ թե կուսակցություն գրանցելուն, այլ ՊՊԾ գրավելու դեպքը բնորոշել խուսափելուն:

  2. Հ.Շ. says:

    դժուարութիւն ունիմ հասկնալու թէ ինչու, այս նոյն խմբակին մասին, յարգելի Էմման – ինչպէս նաեւ երկրին բոլոր լրագրողները -, այս տեսակի քննադատութիւններ չէին արտայայտեր, «Հին Հայաստանի» մէջ… էն վախտը…

    յատկապէս այս նիւթին մէջ, անհնար է որ այս լռութեան պատճաժը այն էր թէ Էմմաները կը վախենային այդ օրերու վարչակարգէն… ուրեմն լռումն էին ինչո՞ւ համար… որպէսզի չնեղացնեն «ժողովո՞ւրդը»… թէ որ այդպէս է, հիմա՞ ինչու չեն վարանում այդ «ժողովուրդը» նեղացնելէ…

    իրոք անհասկնալի բաներ կը կատարուին այս ձեր շատ տարօրինակ երկրին մէջ…

    սակայն մէկ բան նոյնն է, ամէն տեղ՝ կը հնձես, այն ինչ որ կը ցանես

    շա՜տ ուշ է հիմա, յանկարծ, այսպէս մէկէն ի մէկ՝ անդրադառնալու թէ վայ այդ ինչ են, ինչեր են ասում եւ ինչ են արել, խնդրոյ առարկայ այդ անձերը… ի դէպ, սյն ինչ որ ասում են հիմա, ասում էին նաեւ, շատ աւելի անզուսպ կերպով ու անդադար, տարիներ շարունակ, հանրային կերպով, հարթակների վրայէն… առանց որ Էմմաները երբեւիցէ… մինչեւ որ վերջապէս անցան գործի, գործադրեցին իրենց բազմիցս բացէ ի բաց յայտնածը… եւ նորէն՝ լայնատարած լռութիւն… հիմա՞ միայն այս ամէնը մէջտեղ ելան…

    ձես ասեմ, եթէ տեղի ունեցաւ յեղափոխութիւն, այդ պարագային՝ այս մարդիկը ամէնաշատը, առաջին գիծի վրայ, իրաւունք ունին հասնելու իշխանութեան

    իսկ անոնք որ քննադատում էին զանոնք, հեռաւոր անցեալին, անոնք է որ փաստօրէն սխալած էին

    սա է՝ պարզ ու յստակ կացութիւնը

    live with it

    eh bien ! dansez maintenant

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. Ամէն դէպքում, կէս տարիէ ի վեր Հայաստանի մէջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձութիւններու լոյսին տակ, ծիծաղելի է լսելը թէ այս խմբակին գրանցումը որպէս կուսակցութիւն մատնանշւում է որպէս խիստ մտահոգիչ «հարուած պետութեանը», եւ այդ ալ՝ «ամենալուրջ» հարուածը !!

    lol

  4. Հ.Շ. says:

    ուրեմն ահա, պաշտօնական գրանցումը հաստատուեցաւ, այսօր

    շնորհաւոր ըլլայ
    եւ/կամ` օխ ըլլայ

    ամէն անձ իր գրածներով – եւ նաեւ, չգրածներով – պիտի ապրի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930