Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորեոգրաֆը վարպետաց դասեր է տվել ոչ միայն պարողներին, այլեւ օպերային երգիչներին

Նոյեմբեր 07,2018 13:30

Բալետի Ֆրանսաբնակ արտիստ, խորեոգրաֆ Լիլիթ Վարդանյանը 2007թ. Երեւանի օպերային թատրոնում անցկացրեց ժամանակակից բալետի դասեր՝ նպատակ ունենալով իրականացնել բեմադրություն: Նախագիծը չիրականացվեց ֆինանսավորման բացակայության պատճառով: Օրերս օպերային թատրոնում դարձյալ հանդիպեցինք մեր հայրենակցին: Արվեստագետը հավաստիացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ իր այս այցը հայրենիք սեփական նախաձեռնությամբ է եւ մանրամասնեց. «Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, որն իմ տունն եմ համարում առայսօր, առաջարկեցի բարձր կուրսերի սաների մասնակցությամբ իրականացնել ֆրանսիացի ժամանակակից հայտնի կոմպոզիտոր Ռենե Օբրիի երաժշտությամբ «Ջրաներկ» ժամանակակից բալետային ներկայացումը: Այն հանդիսատեսին կներկայացվի դեկտեմբերին, քոլեջի բեմում: Հետո Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) ընդգրկված երգիչների հետ անցկացրի վարպետության դասընթացներ»:

Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ միայն ավելի քան 10 տարի հետո որոշեց հայրենիք վերադառնալ եւ ի՞նչ նպատակ են հետապնդում իր վարպետության դասերը օպերային երգիչների հետ, Լիլիթ Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում հաղթանակած հեղափոխությունից արտասահմանում բնակվող հայերս ոգեւորված ենք, այն մեզ անբացատրելի ուժ, նոր շունչ տվեց, ավելին՝ վերածնունդ ապրեցինք: Ինչ վերաբերում է օպերային երգիչների հետ վարպետության դասեր անցկացնելուն, դա ընդունված է աշխարհում»:

Մեր զրուցակիցը Երեւանի պարարվեստի քոլեջը ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի ղեկավարությամբ ավարտելուց հետո, 2002թ. ժամանակակից բալետարվեստի նրբություններն ուսումնասիրելու նպատակով, ուսումը շարունակել է Փարիզի ազգային կոնսերվատորիայի դասական, ժամանակակից պարի բաժնում, ապա ուսանել Սորբոնի համալսարանի մասնաճյուղերից Universite՛ Paris 8-ում, որտեղ ուսումնասիրել է Pilates՝ մարմնի կատարելագործման համալիր վարժությունների մեթոդը: Արվեստագետն ասաց, որ դա մեթոդ է ոչ միայն պարողների համար, այն լայնորեն կիրառվում է երգիչների շրջանում, որպեսզի նրանք ավելի լավ զգան իրենց մարմինը՝ կարգավորեն առաջին հերթին շնչառությունը, ինչը բեմական անկաշկանդ շարժման նախադրյալներից է:

Զրույցի ընթացքում Լիլիթ Վարդանյանը համառոտ ներկայացրեց իր բեմական կյանքն ու գործունեությունը: «Կարիերաս սկսվեց 2006թ., Փարիզում: Տարբեր նախագծերի եմ մասնակցել, համագործակցել ճանաչված այնպիսի խորեոգրաֆների հետ, ինչպիսիք են Օլիվիա Գրանդվիլին, Աննա Դրեյֆյուսին, Նատալի Պերնետին: Հանդես եմ եկել հեղինակավոր թատրոններում, մասնակցել փառատոների, այդ թվում՝ Շվեդիայում Artst sans Frontier, Ֆրանսիայում Saits d Hiver, Urdan Connexion եւ այլն: Որպես ժյուրիի անդամ հրավիրվել եմ մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող մրցույթների, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում «Սպիտակ առագաստներ» եւ այլն»,- ներկայացրեց արվեստագետը:

Դիտարկմանը՝ վերջին շրջանում ժամանակակից բալետ ասելիս շատերն այն նույնացնում են էրոտիկ պարի հետ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Բեմում անհրաժեշտ է ազատությունը, բայց ժամանակակից բալետը էրոտիկ շարժումների կամ «համարձակ» հագուստի ցուցադրություն չէ: Դրանց համար կան այլ հարթակներ, օրինակ՝ կաբարեներ, գիշերային ակումբներ… Ի դեպ, կուզեի Երեւանի օպերային թատրոնում ժամանակակից բալետային ներկայացում իրականացնել, որը կցրեր նման թյուր կարծիքները, մանավանդ՝ Հայաստանում ժամանակակից դասական պարի ուսուցումը դեռեւս սաղմնային վիճակում է»:
Խորեոգրաֆը հավելեց, որ կցանկանար մեր օպերային թատրոնի ցանկում եղած որոշ ներկայացումներ, մասնավորապես՝ «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը», ներկայացնել ժամանակակից «ընթերցմամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930