Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդու գրադարանի 77-ամյա ընթերցողը 6000 գիրք է կարդացել

Նոյեմբեր 07,2018 13:00

77-ամյա Մարգո տատիկը Վեդիի քաղաքային գրադարանի ամենահավատարիմ ընթերցողներից է: Ասում է՝ վեց տասնամյակ է, ինչ օգտվում է գրադարանից:
Վերջին գիրքը, որ սկսել է կարդալ, Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսն» է, արդեն չի էլ կարողանում հիշել, թե որերորդ անգամ է կարդում նույն գիրքը, բայց ըստ տատիկի, ամեն անգամ նորովի է ընկալում: Ասում է՝ սիրում է ընթերցել օրվա ցանկացած ժամի՝ անգամ ճաշ եփելիս: Գիրքը փակում է ամենահետաքրքիր հատվածում, որպեսզի հաջորդ անգամ ավելի մեծ հետաքրքրությամբ կարդա:
Վեդիի գրադարանի տնօրեն Նինա Հարությունյանն ասում է, որ գրադարանից մեծամասնությամբ օգտվում են բարձր դասարանի աշակերտները, չաշխատող ծնողներ ու մեծահասակներ, ունեն նաեւ ծառայող ընթերցողներ: Օրինակ, վերջին ինն ամսվա կտրվածքով գրադարանն ունեցել է 2294 ընթերցող՝ 12.584 հաճախումով:

Գրադարանն ունի մոտ 42.000 անուն գիրք, սակայն եթե լինում են պահանջվող գրքեր, որոնք բացակայում են գրադարանում, այդ վերնագրերն ավելացվում են պարբերաբար թարմացվող գրքերի ցանկում եւ տնօրենն անձամբ է զբաղվում դրանց հարցով: Տարեկան բյուջեից հատկացվող գումարից մոտ 100.000 դրամը ծախսվում է գրքերի թարմացման համար:

Ակտիվ ընթերցողներին խրախուսում են գրքերով ու շնորհակալագրերով: Վերջին խրախուսումը եղել է 77-ամյա Մարգո տատիկինը, որը Վեդիի գրադարանից մի քանի հազար գիրք է կարդացել: Գրադարանում մի քանի տարի առաջ գրքի քննարկումներ շատ են կազմակերպվել, սակայն հիմա, որպես այդպիսին, չեն կազմակերպվում, քանի որ պահանջարկ չկա: Դրա փոխարեն անցկացվում են զրույցներ ցուցահանդեսների ժամանակ: Այն հարցին, թե ինչ խնդիրներ կան գրադարանում, տնօրենը պատասխանում է, որ խնդիրները գալիս են հիմնականում բյուջեի սուղ լինելուց: Տարեկան տրամադրվող բյուջեն կազմում է մոտ 8.400.000 դրամ, որից մոտավորապես 90%-ը ծախսվում է աշխատավարձերի վրա: Խնդիրներից առաջնայինը համարում է այն, որ չկան համապատասխան պայմաններ, որպեսզի գիրքը պահպանվի, չփչանա: Ամռանը շատ շոգ է, ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, իսկ ձմռանը՝ 9-ի, մինչդեռ գրքի պահպանման համար ողջ տարվա ընթացքում պետք է ապահովել կայուն ջերմաստիճան:

Վեդու համայնքապետարանի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Մելքոնյանն ասում է, որ գրադարանի խնդիրներին իրենք ծանոթ են եւ հնարավոր միջոցների դեպքում խնդիրը կկարգավորեն, սակայն հիմա առաջնային խնդիրը դեռ մանկապարտեզների ջեռուցումն ապահովելն է, որպեսզի ձմռանը դրանք չփակվեն:

Իսկ գրադարանի հետ համայնքապետարանն ամբողջ տարվա ընթացքում աշխատում է: Նույն բաժնի առաջատար մասնագետ Քրիստինե Վարդանյանը նշում է, որ անընդհատ կազմակերպվում են հանդիպումներ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների միջեւ հենց գրադարանում: Վեդիի գրադարանի շատ ընթերցողներ նաեւ ստեղծագործում են. տպագրվում ու թղթակցում տարբեր ամսագրերում ու կայքերում: Իսկ 77-ամյա Մարգո տատիկը, որ կարդացել է մոտ 6000 գիրք, իր կյանքում գրել է ընդամենը 4 տող.

Սերս տվի գրքերին,
Վիշտս՝ հողմերին,
Հոգիս՝ Աստծուն,
Մարմինս՝ հողին…

ՄԱՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից:

«Առավոտ»

06.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930