«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանն այսօր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար։ Ի դեպ, ՀՖՖ կանանց բաժինը նոր է առանձնացվել, այն միշտ գործել է ֆուտզալի հետ միասին։
Նշենք, որ Աննա Թադևոսյանը 7 տարի շարունակ՝ 2011 թվականի օգոստոսից Գյումրու ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղարն էր։ Նա գյումրեցի է, բժշկի ընտանիքից, 16 տարի ապրել է իր ծննդավայրում։ Այժմ ընտանիքով բնակվում են մայրաքաղաքում։
Աննա Թադևոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը, հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, ամերիկյան «Wօrld Learning» հ/կ-ի հետ միջազգային փոխանակման բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։
Նա 2016 թվականին ԱՄՆ-ի խաղաղության կորպուսի հետ համատեղ հիմնել է «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» անվամբ հ/կ-ն, որում ընդգրկված են եղել 12-17 տարեկան ավելի քան 400 աղջիկներ։ 2 տարվա ընթացքում 7 առաջնությունների են մասնակցել հանրապետության 7 տարբեր մարզերում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աննա Թադևոսյանի լուսանկարը՝ նրա Ֆեյսբուքյան էջից