ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Այցի նպատակն էր տեսակցելու Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալու Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանելու ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։
Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։ Տիկին Հակոբյանն ասաց, որ այս հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն միջազգային մարմինն է, որը կարող է և պետք է հնարավոր լուծումներ առաջարկի։
«Կարենը ունի առողջական խնդիր և նրան այնտեղ երկար պահելը ամեն օր վտանգում է նրա առողջությանը և նրա կյանքին առ հասարակ։ Մենք նաև չունենք վստահելի որևէ տեղեկություն, թե ինչպես են նրա հետ վարվում այնտեղ»,- հայտնեց տիկին Հակոբյանը։
Տիկին Հակոբյանի հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ հաճախականությամբ է այցելել Կարենին, տիկին Աստղիկը պատասխանեց, որ ԿԽՄԿ-ի կատարած վերջին այցը եղել է 6 շաբաթ դադարից հետո։
Տիկին Հակոբյանը ծնողներին փոխանցեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Տիկին Հակոբյանը հույս հայտնեց, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։
«Փաստաբանից ճշտեցինք, որ ներկա պահին Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարության այն փուլում է, որ սպասում են Ադրբեջանական կողմի տարբեր պարզաբանումներին։ Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ կամ տեռորիստ չէ։ Կարենը ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ բոլորի ապացույցները ներկայացված են ՄԻԵԴ։ Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն և անեն այն, ինչ իրենք պարտավոր են անել իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյոք կան պարտադրանքի նման միջոցներ, որ փոխանակում տեղի ունենա, տիկին Հակոբյանն ասաց. «Եվրոպական դատարանում մենք վիճարկում ենք մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի կետերի խախտում Կարեն Ղազարյանի գործով։ Դատելով մեր փաստաբանների վստահությունից՝ ավելի հավանական է, որ հայկական կողմը կշահի։ Իսկ դա ենթադրում է կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա ցանկալի չի լինի նաև ադրբեջանական կողմին։ Սանկցիաներ, որոնք լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում Կարեն Ղազարյանի վերադարձն ապահովելու համար»։
Հարցին, թե երկու կողմերի միջև արդյոք կա գերևարվածների փոխանակման առաջարկություն ադրբեջանական կողմից, տիկին Հակոբյանն ասաց, որ իրեն նման փաստ հայտնի չէ։ «Ենթադրելի է, որ տրամադրություններ են շոշափում ադրբեջանական կողմը։ Որքանով ես տեղյակ եմ, ռազմական հանցագործներին քաղաքացիական անձանց հետ փոխանակելու միջազգային փորձ չկա։ Տվյալ դեպքում նման մտահաղացումը կարելի է ցինիկ համարել. այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում դատապարտված են 16 ամյա երեխայի սպանության համար։ Առհասարակ նրանց փոխանակման հարց բարձրացնելը շատ տարօրինակ է։ Առավել ևս, երբ մենք ունենք շատ տխուր պատմություն կապված նման հանցագործին հերոսի կոչում տալու հետ», (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացնելը),- պատասխանեց տիկին Հակոբյանը։
Հիշեցնում ենք, որ 2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերևարված է և գտնվում է Ադրբեջանում։
Արփինե Զարգարյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ