Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ են արձակել ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող երիտասարդին

Նոյեմբեր 06,2018 21:01

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է ռուս զինծառայողի կնոջ բռնաբարության փորձի մեջ կասկածվող գյումրեցի 28-ամյա երիտասարդի խափանման միջոցը։ Նա ազատ է արձակվել 500 հազար դրամ գրավի դիմաց։

Այս մասին մեզ տեղեկացրեց նրա փաստաբանը՝ Էդգար Թումասյանը։ Նա Aravot.am-ին փոխանցեց, որ թեև ինքն է միջնորդել կալանքը գրավով փոխարինելու, սակայն սրանով չի բավարարվելու, քանի որ գրավը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա են կալանքի հիմքերը։ Փաստաբանը պնդում է, որ տվյալ գործով ինչպես կալանքի, այնպես էլ որևէ այլ խափանման միջոցի հիմքեր չկան։

«Նույնիսկ այդ պարագայում գրավի միջնորդությունը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ պաշտպանյալս ժամ առաջ ազատ արձակվի անհիմն արգելանքի տակ գտնվելուց, մինչև պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանմամբ կվիճարկեմ նրա՝ կալանքի հիմնավորվածությունը և օրինականությանը»,-ասաց Էդգար Թումասյանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը երիտասարդի հարազատները փակել էին Շիրակի մարզի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցն ու պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրան։ Ծնողները պնդում էին, որ իրենց տղան հոկտեմբերի 29-ին առավոտյան ժամը 08․30-ին տանն է եղել՝ քնած, հետևաբար և չէր կարող թակել ռուս կնոջ դուռն ու փորձեր նրան բռնաբարել։

Փաստաբան Էդգար Թումասյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալն այս կնոջ բնակարանի տեղն անգամ չգիտի, ընդամենը մի անգամ սեպտեմբերին որպես տաքսու վարորդ՝ նրան «Մուշ» թաղամասից տեղափոխել էր Գյումրու կենտրոնական դեղատուն, ու նրանց առնչությունը սահմանափակվել էր սրանով։ Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը պատրաստ է մազի, արյան, եղունգների հագուստի նմուշներ, մատնահետքեր տալ, որով կապացուցվի, որ ինքը որևէ կապ չունի ռուս կնոջ՝ ոստիկանության ներկայացրած հաղորդման բովանդակության հետ։

Ըստ Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ն-ի բողոքի՝ վաղ առավոտյան թակել են իր դուռը, բացել է ու առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք։ Իր հետևից բաղնիք է ներխուժել անծանոթ մի երիտասարդ ու դանակի սպառնալիքներով փորձել բռնաբարել իրեն։ Այնուհետ տարել է ննջարան, ռուս կինը վատացել է, անծանոթ տղամարդը գնացել է խոհանոց՝ ջուր բերելու, այդ ընթացքում կինը հասցրել է փախչել տնից։

Գյումրեցի տաքսու վարորդի հարազատները բողոքի բովանդակությունը ևս համարում են հեքիաթի ժանրից։

Էդգար Թումասյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930