Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ քրդերի և Ստրասբուրգի ոստիկանության միջև. քրդերը պահանջում են Օջալանին ազատ արձակել. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 06,2018 20:45

Այս պահին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի շենքի առջև, քրդական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Աբդուլլահ Օջալանին:

Քրդերն իրենց դժգոհությունն են հայտնում նաև եվրոպական կառույցներից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ու Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովից:

Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև քրդական երգուպարի միջոցով:

Ցուցարարները ցանկանում են շարունակել ճանապարհը և գնալ միանալ այն 20 երիտասարդներին, որոնք ներխուժել են ՄԻԵԴ շենք: Սակայն Ստրասբուրգի ոստիկանությունը ճանապարհը փակել է և թույլ չի տալիս տեղաշարժվել: Մի պահ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարներից միջև: Ոստիկանները կիրառեցին նաև արցունքաբեր գազ:

Aravot.am-ի հետ զրույցում Քրդական ժողովրդավարական կուսակցության Ստրասբուրգում եվրոպական ինստիտուտներում ներկայացուցիչ Ֆայիկ Յագիզայը տեղեկացրեց՝ տասնյակ քրդեր այժմ գտնվում են հիվանդանոցում, որոշները՝ ոստիկանական բաժանմունքներում: Նա նշեց՝ ցուցարարները փողոցից չեն հեռանալու մինչև ազատ չարձակվեն իրենց ընկերները:

Նա մանրամասնեց. «20 տարի Օջալանը գտնվում է անազատության մեջ: Յոթ տարի է, որ նա անգամ թույլտվություն չի ստանում տեսակցել իր փաստաբաններին: Ավելի քան երկու տարի է չի հանդիպել անգամ իր հարազատներին: Անգամ չգիտենք՝ նա ողջ է, թե ոչ: Քրդերը բազում անգամ ԵԽ-ի հանձնաժողովին խնդրել են գնալ, տեսակցել նրան, բայց, ցավոք՝ նման այց դեռ տեղի չի ունեցել: Այդ պատճառով հանձնաժողովից դժգոհ են: Դժգոհ են նաև ՄԻԵԴ-ից, քանի որ մեկ տարի առաջ վճիռ կայացրեց ընդդեմ Օջալանի: Օջալանը տասը տարի առաջ, երբ խոշտանգումների էր ենթարկել, բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ, սակայն մեկ ամիս առաջ եվրոպական դատարանը որոշեց, որ նա խոշտանգման չի ենթարկվել: Հետևաբար` քրդական համայնքի ներկայացուցիչները լուրջ դժգոհություն ունեն եվրոպական կառույցներից, ուստի իրենց բողոքի ձայնն են բարձրացնում»:

Ֆայիկ Յագիզայը նշեց՝ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ տարբեր պատճառաբանություններ են բերում, թե ինչու թույլ չեն տալիս հանդիպել Օջալանին: Երկու տարի առաջ ասում էին՝ արտակարգ ռեժիմ է, կես տարի առաջ էլ այնպիսի որոշում են կայացրել, որին հղում կատարելով՝ արգելում են հանդիպել նրա հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930