Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժամիջոցները արգելակում են Անկարայի եւ Բաքվի առաձգականությունը

Նոյեմբեր 06,2018 20:30

Բաքվի որոշումը՝ կասեցնելու Իրանի նավթի ներկրումը, առաջին հերթին պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի՝ Կովկաս այցի անմիջական հետևանքների շրջանակներում։

Այս դեպքում այլընտրանքային շուկան Ռուսաստանն է, ինչը նաև կխթանի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հավելյալ խորացման միտումները։

Բաքվի արագ արձագանքումը համոզիչ է դարձնում, որ Բոլթոնի այցը տարածաշրջան իբրև անմիջական թիրախ ուներ Բաքուն՝ Իրանի մեկուսացման Վաշինգտոնի արտաքին քաղաքականության համատեքստում։

Բաքուն մի կողմից բավարարում է ամերիկյան պատժամիջոցային պահանջները, մյուս կողմից «Գազպրոմի» ճանապարհով տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեպի Մոսկվա քայլ է ձեռնարկում։

Անկարայի դիրքորոշումը՝ ամերիկյան պատժամիջոցները ճիշտ չնկատելու, ներառում է տոնայնության մեղմացում Էրդողանի՝ Վաշինգտոնի նկատմամբ կատարած հայտարարությունների հռետորաբանության բարձր աստիճանաչափերին։ Անկարան այս դեպքում եւս բավարարվում է ճիշտ չնկատելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական մեկուսացման քաղաքականությունը, մյուս կողմից Վաշինգտոնի հետ չեղյալ էր համարում փոխադարձաբար երկու երկրների միջեւ Բրոնսոն-Գյուլեն տագնապի պատճառով ստեղծված համապատասխան գերատեսչությունների ղեկավարների դեմ կայացած արգելք-որոշումները։

Թե՛ Անկարան եւ թե՛ Բաքուն երկակի խաղեր են խաղում Իրանի եւ ՌԴ-Ի ուղղությամբ եւ Վաշինգտոնի ձեռնարկած քայլերին արագ արձագանքումներ են կատարում։

Պաշտոնական Երեւանը խոհեմ պահվածք է դրսեւորում. նկատի ունենալով հարցի խիստ կարեւորությունը մեր երկրի վրա թողելիք հետեվանքների կշռադատումով, ՀՀ արտգործնախարարության խոսնակը պարզեց, որ գերատեսչությունը հաղորդակցության մեջ է առնչվող բոլոր կողմերի հետ եւ թե՝ ԻԻՀ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ Հավելելով, որ իրականացվում է Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ՀՀ-ի վրա հավանական ազդեցությունները կանխատեսող փորձագիտական ուսումնասիրություն։

Այդ քննարկումները բնականաբար նկատի կունենան Իրանի ճանապարհով Հայաստան ներկրվող թուրքմենական գազի, հիդրոէլեկտրակայանի կամ նավթի վերամշակման համատեղ ծրագրերի եւ ընդհանրապես առեւտրական եւ ֆինանսական  ոլորտների բոլոր ուղղությունները։

Պատժամիջոցների կիրառման նույն անմիջականությամբ և հրատապությամբ հարց չենք դիմագրավելու մեր երկրում։

Այդ հանգամանքներն ու իրադարձությունների զարգացումները նկատի ունենալով, կարելի է մտածել, որ Իրանի դեմ Վաշինգտոնի սանձազերծած պատժամիջոցներով հատկանշվող տնտեսական մեկուսացման քաղաքականությունն ու սպառնական պահանջները առնչակից երկրներին միանալու ամենից շատ չեզոքացնում է Անկարայի եւ Բաքվի առաձգականությունը՝ դեպի Թեհրան-Վաշինգտոն խուսանավումներ կատարելու։ Ճգնաժամային իրադրությունների խորացման դեպքում այս ուղղություններով սպասվում են խուսանավաբեկումներ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930