Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի և սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները և ընդգծել, որ ՍԴՀԿ-ն անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, տնտեսության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման հարցին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի զարգացման օրակարգում սփյուռքահայության մեծ ներուժի ներգրավման գործուն մեխանիզմների ձևավորումը: ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները նշել են, որ պատրաստ են ակտիվ համագործակցել ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ