Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի՝ Գյումրիում կառուցվող ռեստորանում աշխատանքի կընդունեն միայն գյումրեցիների (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 06,2018 18:44

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող շքեղ կառույցը լինելու է ոչ թե հյուրանոց, այլ ռեստորան ու այստեղ բացառապես աշխատանքի են ընդունվելու գյումրեցիներ։

Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց «Ֆլորենս Գյումրի» անունը կրող ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանը։ Տնօրենը երիտասարդ ձեռնարկատեր է և հայտնի է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ։

«Ռեստորանի աշխատակազմն ամբողջապես պետք է լինի Գյումրիից։ Կարեն Կարապետյանի՝ Գյումրիում կատարած ներդրման իմաստն այն է, որ աշխատատեղեր ստեղծվեն այս քաղաքի բնակչության համար, շեշտը դրված է հենց սրա վրա։ Ներկա պահին բազմաթիվ ինքնակենսագրականներ կան մեր ձեռքի տակ, թեև աշխատանքի ընդունման հայտարարություն դեռ չենք տվել ու շուտով կտանք, ընտրություն կկատարենք միայն գյումրեցիներից։ Իհարկե, Երևանի գլխավոր մասնաճյուղից՝ «Ֆլորենսից» կգան այստեղ, տեղի աշխատակիցներն էլ կգնան Երևան՝ փորձի փոխանակման։

Խոսքը մոտավորապես 30 աշխատատեղերի մասին է։ Ռեստորանը մտադրված էինք բացել դեկտեմբեր ամսին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս վերջնականապես ավարտին հասցնել շինարարությունը։ Պարոն Կարապետյանը, բնականաբար, ներկա կլինի բացմանը, աննկարագրելի է, թե նա ինչքան է սիրում Գյումրին և գյումրեցիներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ կառույցի վրա աշխատող շինարարներն ու բանվորները ևս Գյումրիից են։

Այստեղ աշխատանք կլինի ոչ միայն մատուցողների, բարմենների, անվտանգության աշխատակիցների, այլ պրոֆեսիոնալ խոհարարների ու երաժիշտների համար։ «Երաժիշտները նույնպես կլինեն Գյումրիից, միգուցե և Գյումրվա նոր խմբեր հրավիրվեն, կապ չունի բարձր պրոֆեսիոնալիզմը, թող մեզ մոտ աշխատելով՝ դառնան պրոֆեսիոնալ ու ճանաչված»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Ըստ մեր զրուցակցի, նպատակ ունեն պրոպագանդել ազգային խոհանոցը, պատրաստվում են մատուցել Գյումրվա մոռացված ճաշատեսակները։

«Մեծ ուշադրություն է դարձվելու ազգայինին, Գյումրվա մոտիվներով է ամեն ինչ, վերանորոգման մեջ ևս պահպանվում է ազգայինը։ Նախշերը, գորգերը, պատերին փակցված նկարները ներս մտնողին միանգամից զգացնել է տալու, որ ինքը Գյումրիում է, Գյումրու սրտի մեջ է և զգալու է Գյումրու սրտի բաբախը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա մեզ տրամադրեց լուսանկարներ, թե ինչպիսին է լինելու «Ֆլորենս Գյումրիի» ներքին հարդարանքն ու դիզայնը։

Կարեն Հարությունյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930