Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղտեխնոլոգի, ընտրությունների պոտենցիալ մասնակիցները բաժանվում են մի քանի խմբի

Նոյեմբեր 06,2018 17:52

Նոյեմբերի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին։

Հակոբյանն ասաց, որ այս խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը լինելու է այն 1/3-ի համար, որը բաժին պետք է հասնի ընդդիմությանը։

Ըստ նրա, խորհրդարանում հայտնվելու շանսեր ունեն «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունները, ընտրարշավին իր ազդեցությունը կարող է թողնել նաև «Սասնա Ծռեր» կուսակցությունը։

«Այս ընտրություններին պոտենցիալ մասնակիցները բաժանվում են մի քանի խմբի․ առաջին խումբը այն քաղաքական ուժերն են, որոնք իրական պայքար են մղում խորհրդարանում լինելու համար․ երկրորդ խմբի ուժերը կարծում էին, որ նոր Ընտրական օրենսգրքի շնորհիվ կարող են հայտնվել խորհրդարանում, դա կարող էր լինել շեմի նվազեցման կամ չորրորդ պարտադիր կուսակցության պահանջի հաշվին»։

Հակոբյանի խոսքով՝ երկրորդ խմբին պատկանող կուսակցությունները նոր ԸՕ-ի տապալումից հետո հայտնվել են բավականին տհաճ իրավիճակում և հիմա փորձում են տեղավորվել խաղի կանոններում, փորձում են պայմանավորվել ֆավորիտների հետ և դաշինքներ կազմել։

Անդրադառնալով նորաստեղծ քաղաքական ուժերին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ դրանց մեծ մասը այս ընտրությունները օգտագործելու է որպես քաղաքական ուղու սկիզբ և փորձելու է դիրքավորվել քաղաքական դաշտում։

Հակոբյանն ասաց, որ Հայաստանում կան կոնստրուկտիվ, արմատական և այլ տեսակի ընդդիմություններ, ապա հավելեց, որ աշխարհում դժվար է գտնել որևէ երկիր, որտեղ կլինեն այս բաժանումները։

«Եթե որևէ ընդդիմություն այս կամ այն հարցում առաջարկով է հանդես գալիս, ապա այն Հայաստանում ընկալվում է , որպես կոնստրուկտիվ ընդդիմություն, սակայն աշխարհում այդպես չէ․ Խորհրդարանը հենց նրա համար է, որ տարբեր կուսակցություններ պայմանավորվեն ինչ-որ հարցերի շուրջ։ Իհարկե կան հարցեր, որոնցում ընդդիմությունը շատ կտրուկ է․ օրինակ կառավարության ծրագրի և բյուջեին նախագծերը»։

Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին, նա ասաց, որ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռ մտածում է՝ ինչպես անցնել խորհրդարան և խուսափում ուղղակիորեն ասելուց, թե ինչ ընդդիմություն կլինի իրենց կուսակցությունը ։

«Ամեն դեպքում «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է իրեն հստակ դիրքավորել, որպես պրոարևմտյան, նույնիսկ պրոամերիկյան լիբերալ ուժ և, ըստ իս, փորձելու է իր ցուցակում ներգրավել հայտնի անհատների, որոնք նույնպես ասոցացվելու են այս արժեհամակարգի հետ»։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930