Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հերթը հասել է «մարտի 1-ի» գործերին։
Արդեն հրապարակվել են նախկին քաղբանտարկյալներից մի քանիսի գանգատներով՝ ՀՀ դատարանների կայացրած միջանկյալ ու վերջնական դատական ակտերի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումները, որոնցով արձանագրվել ու ճանաչվել են հայրենի իրավապահ ու դատական մարմինների կողմից գործած ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումները եւ Հայաստանին պարտավորեցրել վնասների փոխհատուցում կատարել։
Մեր, ոչ ամբողջական տվյալներով միայն «մարտի 1-ի» գործերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՄԻԵԴ-ի սպասվելիք որոշումների թիվը հասնելու է 35-40-ի, փոխհատուցվելիք գումարը՝ մի քանի հարյուր հազար դոլարի։
Նախորդ իշխանությունները շուրջ 10 տարի մոռացության էին մատնել ոչ միայն «մարտի 1-ի» ոճրագործության հիմնական դերակատարների քրեական պատասխանատվության ենթարկելու, առնվազն տասը սպանություններ գործած անձանց բացահայտելու ու պատժելու, այլեւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների անհիմն ու շինծու մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու ու ազատազրկելու, հազարավոր խեղված, ջարդված ու ծեծված, աշխատանք ու ապրուստի միջոց կորցրած իրենց քաղաքացիական ու քաղաքական սահմանադրական իրավունքներն իրացրած քաղաքացիներին պատճառած ֆիզիկական, նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման հարցերը։
Անարդարությունների, կատարված ապօրինությունների ու չարաշահումների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումների ծավալը այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ հայտնի քաղաքական գործիչներ առաջարկում են ստեղծված թնջուկը լուծել անցումային արդարադատության միջոցներով (գործիքներով)։
Այս բարդ, ինչ որ չափով նաեւ ռիսկային ինստիտուտին խոստանում եմ անդրադառնալ ավելի մանրամասն հաջորդիվ։ Հավելեմ միայն, որ մեր իրավապահ ու դատական համակարգի հնարավորություններն ու միջոցները լիարժեք գործադրված չեն եւ այդ իսկ պատճառով անհարկի թերագնահատվում են հատկապես պատժողական արդարադատության ոլորտում։
Գագիկ Ջհանգիրյան
Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com–ի կայքում