ԲՀԿ ղեկավարն ասում է՝ Երեւանի ընտրությունները քաղաքապետի ընտրություններ չէին, հեղափոխական ընտրություն էր
Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու ռեյտինգային ցուցակով: Այս մասին այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Multi Solar եւ Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Ծառուկյանը նաեւ ասաց՝ նախընտրական ցուցակն ինքն է գլխավորելու:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատվի հայտարարության մասին էլ Ծառուկյանը հիշեցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը լինելով խոշոր գործարար՝ կառավարում է երկիրը:
Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ իր կուսակցության անդամներին թողնելու է յուրաքանչյուրն առաջադրվի իր տարածքում։ Հարցին՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը լինելո՞ւ է ցուցակում, Ծառուկյանը պատասխանեց. «Ինչու՞, առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն լինո՞ւմ է»:
Ապա Ծառուկյանը հայտարարեց՝ «Երբ ես զգամ, որ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, ես չեմ մասնակցի»:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի հնարավորությունների եւ ձայների տոկոսների մասին հարցին էլ ի պատասխան, Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է: Ծառուկյանը ներկայացնելու է իր ծրագիրը, ասելու է՝ ժողովուրդ ջան, ես իմ թիմով կարող եմ սա անել, ձեր ցավը տանեմ, վստահո՞ւմ եք, ինչքա՞ն եք վստահում ինձ, այնքան էլ կարող եմ անել, հետեւողական լինել: Կվստահեք՝ կպահանջեք: Ինչքանով կվստահեք… ես ոչ դրանով ճանաչում եմ ձեռք բերելու, ոչ ես իմ ինչ բանի տեր եմ դառնալու»:
Արդյոք դաշինքով կմասնակցեն ընտրություններին. Ծառուկյանն այս հարցին ի պատասխան ասաց. «Մենք դեռ պետք է նայենք, թե դաշինքն ինչ է մեզ տալու: Այսօր բոլորն են կուսակցական, կուսակցություններ ունեն, բոլորն էլ, ասենք թե, սպասելիքներ ունեն, ամբիցիաներն այնքան մեծ են, որ ում հետ խոսում ես՝ ինքն արդեն 15-20 տոկոս ձայն ունի, որ ունի՝ մեր հետ ի՞նչ գործ ունի: Թող գնա իր 15-20 տոկոսով մասնակցի»:
Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի հավաքած 7 տոկոս քվեն, ի՞նչ ակնկալիք կա խորհրդարանական ընտրություններից, այս հարցին էլ Ծառուկյանը պատասխանեց. «Նախեւառաջ ասեմ՝ Երեւանի ընտրությունը դա քաղաքապետի ընտրություն չէր, դա հեղափոխական ընտրություն էր: Նորից եմ ասում՝ դա ոչ մի կապ չունի, իմ ժողովրդի ցավը տանեմ, ինչ նախընտրում են, ինչ՝ ուզում են, իրանց ցավն էլ տանեմ»:
Կոալիցիոն կառավարությունում կլինի՞ ԲՀԿ-ն. Ծառուկյանն ասաց. «Որտեղ որ անհրաժեշտությունը լինի, ոչ մի խնդիր չկա: Մենք դա պաշտոնի համար չենք անում, ուզում ենք երկիրը հզորացնենք: Ծրագրի վրա աշխատում ենք: Եթե դու մարդ գտնես, որը ինչ ասել է, ու դրանից էլ ավել է արել, դա Ծառուկյանն է»:
Multi Solar եւ Multi Group Textile ընկերությունների մասին էլ Ծառուկյանն ասաց, որ այժմ 100 աշխատատեղ կա, շուտով կլինի 200:
Արդյոք Ծառուկյանը պատրաստ է նախկինում խոստացած միլիոնավոր դոլարների ներդրումները բերել Հայաստան, եթե երկրի ղեկավարը լինի Փաշինյանը, կվստահի՞ նրան, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք վստահում ենք, մենք պարոն Փաշինյանի կողքին ենք, մենք հեղափոխությունը կատարել ենք միասնական: Երեկ այստեղ էր Քուվեյթի շեյխը, թագավորական ընտանիքը փայաբաժին ունի հյուրանոցում, որը հիմա կենտրոնում կառուցում ենք: Հիմա իր հետ բանակցում ենք, որ երկաթի գործարանը, որի պրոյեկտը կազմված է, իր հետ աշխատանքները լինեն: Ներդրումներ անելու ենք, բայց չափը վստահության, դա պետք է պետականորեն էլ լինի, ինձ ճիշտ հասկացեք, բայց ես սիրում եմ իմ երկիրը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ