Վանաձորցի ոսկերիչ Սեյրան Դալլաքյանը սիրելի մասնագիտությամբ զբաղվում է մոտ 30 տարի: Գունավոր մետաղներից գեղարվեստական կերտվածքներ ստեղծելու արհեստի ու արվեստի մասին Վարպետը սիրով է խոսում: Վստահեցնում է՝ ոսկերչությունը ոչ թե արհեստ է, այլ արվեստ. «Ես արվեստին նվիրված մարդ եմ: Իմ համար ոսկերչությունը հոբբի էր, որը ես սիրում եմ: Յուրաքանչյուր արվեստագետ իր գործը յուրովի է ներկայացնում, նկարիչն իր ձեւով, քանդակագործն՝ իր, մենք էլ մեր ձեւով ենք ներկայացնում: Ես փորձում եմ իմ մտահաղացումները պատկերել արծաթի, ոսկու կամ այլ մետաղների միջոցով: Լավ աշխատանքը կատարվում է ձեռքով, որովհետեւ դա ստեղծագործություն է: Կարող է էսքիզը այլ կերպ ես արել, բայց արդեն աշխատանքի ժամանակ զգաս, որ կարելի է փոփոխել, որովհետեւ ավելի գեղեցիկ կլինեն»:
Նրա խոսքով՝ ինչպես ցանկացած աշխատանք, ոսկերչությամբ զբաղվելիս եւս պետք է գործի մեջ սեր ու հոգի դնել, այլապես ոչինչի չի ստացվի: Ոչ միայն խորհուրդ է տալիս, այլեւ նույն խորհրդին ինքն է հետեւում: Յուրաքանչյուր աշխատանք ստեղծում է մեծ սիրով ու պատասխանատվությամբ. «Պետք է աշխատանքդ կատարես մաքուր ու ազնիվ: Դու ստեղծագործական աշխատանք ես կատարում, եւ պետք է հոգիդ ու սիրտդ ներդնես դրա մեջ, որպեսզի արդյունք ստանաս: Ոսկերչությունն արվեստ է, եւ եթե չսիրես արվեստը, ոչինչ չի ստացվի: Մարդիկ կան, որ ոսկերչությունը որպես արհեստ են օգտագործում, օրինակ հիմնականում մատանի են վերանորոգում եւ այլն, բայց սա արվեստ է: Ոսկերչությունը միայն ոսկին չէ, դրա մեջ կարող ես օգտագործել՝ եւ՛ պղինձ, եւ՛ արծաթ, եւ՛ ոսկոր, եւ՛ փայտ»:
Զրուցակիցս նշում է՝ Հայաստանում ոսկերչությունը ծաղկուն շրջան է ապրում: Նրա խոսքով՝ դա առաջին հերթին պայմանավորված է շահութաբեր աշխատանք լինելով, որն այսօր մեծ պահանջարկ է վայելում. «Ոսկերիչներ կան, որոնք աշխատում են, որպեսզի գումար աշխատեն, շատերն էլ կան, որ աշխատում են, որպեսզի ստեղծագործեն ու տարբեր աշխատանքներ կատարեն: Մենք շատ լավ վաստակավոր վարպետներ ունենք, ունենք վաստակավորի թեկնածուներ, որոնք իսկական արվեստագետներ են»,- ասում է վարպետ Սեյրանն ու հավելում՝ իրենք էլ՝ վարպետներով, փորձում են պահպանել հայկական ոսկերչության զարդանախշերը. «Մենք ունենք հայկական զարդանախշերով խաչեր: Մենք մեր հայկականով պետք է տարբերվենք բոլորից: Որ աշխարհով մեկ ով էլ տեսնի, զգա, որ դա մերն է՝ հայկականն է: Մկրտության ժամանակ, որ գալիս են խաչ են ուզում, մենք իրենց բացատրում ենք, որ դա հայկական չէ, եւ որ կարելի է ձեռք բերել հենց հայկական նախշերով խաչեր»:
Ոսկերչի խոսքով, երիտասարդները հետաքրքրված են այս հնագույն մասնագիտությամբ: 30 տարիների ընթացքում վարպետ Սեյրանը ոչ միայն ինքն է հմտացել իր մասնագիտության մեջ, այլեւ շատ սերունդների է պատմել ոսկերչության գաղտնիքների մասին:
Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոսն ասում է, որ քոլեջում ուսանողների կարիք չեն ունենում, սակայն արդեն մասնագետ դարձած երիտասարդները հետագայում ունենում են աշխատանքի կարիք: Մասնագիտական որակյալ գործիքները թանկ են, դրանք ձեռք բերել, ոչ բոլորին է հաջողվում:
Ասում է՝ նպատակ ունի ստեղծել Լոռու մարզի ոսկերիչների միություն, որը ոչ միայն կմիավորի մարզի ոսկերիչներին, այլ նաեւ հնարավորություն կտա աշխատանք գտնել. «Հիմա, որ մեզ մոտ ավարտում են այս երեխաները, հնարավորություն ստեղծենք՝ Լոռու մարզում, Հայաստանում, կամ դրա սահմաններից դուրս ճանաչում ունենան: Շատ լավ երեխաներ կան, որոնք արդյունքի են հասել, եւ պետք է նրանց ճանաչել: Չեմ ուզում, որ այդ երեխաները մոռանան իրենց մասնագիտության մասին ու ոչնչով չզբաղվեն: Երեխաներին պետք է օգնենք, որպեսզի առաջ գնան: Նրանք մեր ապագան են: Ինչու նաեւ աշխարհում չիմանան մեր ոսկերիչների մասին: Միության ստեղծմանը մեր տնօրենն էլ է կողմ, ասել է, որ քոլեջում տարածք կտրամադրի, արհեստանոց: Կան ոսկերիչներ, որոնք նորավարտ են, կամ ուղղակի այդ պահին գործիքներով ապահովված չեն, մենք միությունում նաեւ գործիքներ կունենանք, որոնցից իրենք կարող են օգտվել: Մեր ոսկերչությունը պետք է զարգացնենք, որպեսզի չմեռնի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ