«Այդքան էլ հեշտ չէ «սեղմել» Հայաստանին եւ նրա վրա ազդել, որպեսզի նա Իրանի հետ հարաբերությունները վերանայի կամ գնա այլ ճանապարհով»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործարկված նոր պատժամիջոցներին, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-Իրան տնտեսական հարցերում պատժամիջոցների պատճառով մտորելու տեղիք ունենք, ապա քաղաքական առումով չպետք է փոքր-ինչ անգամ փոփոխենք մեր հարաբերություններն Իրանի հետ:
«Իրանը, միեւնույն է, ՀՀ-ի կարեւոր գործընկերն է: Այս պարագայում մեր դիվանագիտությունը պետք է լինի ճկուն, շրջահայաց եւ նախաձեռնող»,-նկատեց Նավասարդյանը, ապա ընդգծեց. «Հայկական դիվանագիտությունը պետք է պահն օգտագործի եւ «ագրեսիվ» կերպով սեպ խրի Իրան-Ադրբեջան հարաբերություններում: «Փափուկ ուժի» քաղաքականություն պետք է կիրառել»:
Ըստ դիվանագետի՝ միայն Իրանում ՀՀ համայնքը բավարար է, որպեսզի այնքան գործ կատարվի, որքան մեր արտգործնախարարությունը չէր կարողանա անել. «Մեր «նախկին» արտգործնախարարությունը չի օգտագործել այդ հոյակապ գործիքը՝ Իրանի հայ համայնքը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ