Սոցցանցերում մեկնաբանություններ կան, թե ով ասես՝ հայտնվելու է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում: Այսօր ԱԺ-ում այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց. «Քաղպայմանագիր կուսակցության «Իմ քայլը» դաշինք ցուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին շրջանառվում է եւ դա ձեզ անհանգստացնում է: ՀՀԿ խմբակցությունից լինելու է ընդամենը 2-3 անձ, որոնք ներկայացնում են համայնք ու չեն հանդիսանում ՀՀԿ կուսակցության անդամ: Որեւիցե օդիոզ դեմք, որեւէ գործարար, որեւէ մարդ, ով տանիք է փնտրելու իրեն, չի լինելու եւ չկա մեր ցուցակում: Այն բաղկացած է հանրությանը հայտնի մարդկանցով, մեր քաղաքական թիմով, այն մարդկանցից, ովքեր փողոցներ են փակել, ոչ միայն հեղափոխության ժամանակ, այլեւ այս տարիներին աչքի են ընկել եւ հանրությանը հուզող տարբեր հարցեր են բարձրացրել: Անհոգ եղեք: Ընտրությունը ձերն է»:
Նա վստահեցրեց, որ ժողովուրդն է որոշում կայացնելու ու անկախ նրանից, որ այդ որոշումը կարող է իրենց դուրը չգալ, համակերպվելու են այդ որոշման հետ:
Քննարկվում է, որ նախարարների մեծ մասն է լինելու ցուցակում, նաեւ ԱԱԾ տնօրենի անունն է շրջանառվում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չկա նման բան»: Նա ասաց, որ իրենց ամբողջ քաղաքական թիմը մասնակցելու է ընտրություններին ու դա նորմալ է ու ՀՀ քաղաքացին իր գնահատականը կտա:
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ բացի իրենց կուսակցականներից, լինեն նաեւ անկուսակցականներ ցուցակում, բայց վստահեցրեց, որ անակնկալներ ցուցակում չեն լինելու:
Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ անցումային խորհրդարան չի լինելու, ինքն էլ առաջադրվելու է Կենտրոն համայնքում, ինչպես եւ նախորդ ընտրություններում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ