Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր իրավիճակն ավելի բաց է, քան նախկինում է եղել». ԱԱԾ տնօրենի տեղակալ

Նոյեմբեր 06,2018 15:49

2019 թվականի պետական բյուջեի մասի նախագծով ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 61, 9 մլրդ դրամ: Իրականացվելիք 6 ծրագրերի համար հատկացվել է 45,6 մլրդ դրամ, իսկ դրանց իրականացման աջակցման 4 ծրագրերի համար 16,3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել: Այդ մասին այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում ասաց, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանապետը ներկայացրեց 2019-ին համակարգի բարեփոխումների ծրագիրը: Նախատեսվում է կազմակերպաիրավական եւ կառուցվածքային օպտիմալացման գործընթաց: Կարծում են, որ այդ փոփոխություններից հետո համակարգը կարդիականացվի: Օրինակ, արդեն ավարտական փուլում են քրեական ոստիկանության դեպարտամենտի ձեւավորման աշխատանքները: Դեպարտամենտը ստեղծվում է «գործառույթների անհարկի կրկնությունները բացառելու, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող նմանատիպ գործառույթները մեկ միասնական ստորաբաժանման իրավասությանը հանձնելու» համար: Ոստիկանությունում նաեւ նոր պարեկային շարժական ծառայություն են նախատեսում ստեղծել: «Նպատակը պետք է հանդիսանա քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը, նրանց կողմից սեփական իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելիս: Նպատակն է նաեւ օգնություն ցուցաբերել անօգնական կամ կյանքի համար վտանգավոր կամ այլ իրավիճակում հայտնված քաղաքացիներին, երթեւեկության կազմակերպումը, խցանումների զանգվածային կազմակերպման և վթարերի, նաև տեխնածին աղետների և արտակարգ իրավիճակների ընթացքում»,-ներկայացրեց ոստիկանապետը:

ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց`2019-ի բյուջեով ինչո՞ւ է նախատեսված միայն ոստիկանության երկու ծառայությունների աշխատակիցների պարգեւատրում. «Ըստ նախագծի՝ միայն երկու ծառայություններով է նախատեսված 30 տոկոս պարգեւատրման ֆոնդի առկայություն. Պետական պահպանության ծառայությունն է եւ ճանապարհային երթեւեկության անվտանգություն ապահովող ծառայությունը: Բայց գիտենք, որ այլ ծառայություններում եւս խնդիր կա: Հատկապես կցանկանայի առանձնացնել. քրեական հետախուզության աշխատակիցների համար չկա նախատեսված 30 տոկոս պարգեւատրման ֆոնդ: Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ համակարգի ամբողջ ծառայությունների համար հատկացնել, քան առանձնացնել երկու ծառայությունները, գուցե տոկոսը մի փոքր նվազեցնելով»:

Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ նախագծով այդպես են բաշխել, բայց նկատի են ունեցել իրենց հաշվարկներն այնպես իրականացնել, որ ոչ միայն երկու ստորաբաժանումները պարգեւատրվեն, այլ ոստիկանության ողջ համակարգը. «Այդ գումարը մենք մոտավոր գիտենք ամսվա տեսքով: Մեզ հատկացված բյուջեի պարգեւատրումների մասով արդեն իսկ համաձայնություն կա: Վստահեցնում եմ, որ բոլոր ծառայողները կպարգեւատրվեն, ոչ թե միայն երկու ծառայությունները»:

Իսկ ԱԱԾ-ին 2019-ի ծախսերի նախահաշիվը կազմում է 22 մլրդ 580 մլն դրամ: Դա նախորդ տարվա համեմատ ավելի է 2, 207 մլն դրամով: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արամ Հակոբյանը, խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկումների ժամանակ, ասաց, որ ավելի նախատեսված գումարը հիմնականում պարգևավճարների եւ խրախուսումների համար է: Դրանք գերատեսչության բյուջեի 9,7 տոկոսն են կազմում:

ԱԱԾ-ում ընթացիկ ծախերի համար նախատեսված է 22 մլրդ 272մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերի համար` 307 մլն դրամ: 18 մլրդ 778 մլն դրամ, ԱԱԾ-ի բյուջեի 83 տոկոսը նախատեսված է աշխատավարձերի, պարգևավճարների եւ այլ վարձատրումների համար: 3 մլդը շարունակական ծախսերն են:

Նիստը վարող Կորյուն Նահապետյանն առաջարկեց առանձին քննարկումներում անդրադառնալ պետական գաղտնիք պարունակող հարցերին: Արամ Հակոբյանն ասաց, որ դրանք հետախուզությանը եւ հակահետախուզությանը վերաբերող հարցերն են, ինչն էլ իրենց համակարգի հիմնական գործառույթն է. «Եթե բացահայտ խոսենք, թե ինչպես ենք հետախուզություն անում, տրամաբանական չի լինի: Եթե կոնկրետ հարց կա անհանգստացնող ոլորտի կամ գործունեության վերաբերյալ, կարող եք գրավոր ներկայացնել: Այսօր իրավիճակն ավելի բաց է, քան նախկինում է եղել, հնարավորություն կունենաք ինֆորմացվել բոլոր հարցերում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930