Նոյեմբերի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ համաներմամբ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածները։
«Փաստում եմ, որ Հայաստանում որոշ գործերով թափ է առնում ընտրովի արդարադատությունը, և որքան էլ պետական քաղաքականությունը տանում է անկախ դատարանների, քրեական գործերով վարույթ իրականացնող մարմինների անկախ գործունեության, միևնույն է, որոշ գործերով դատարանները կախված են գործադիրից, որի արդյունքում էլ խախտվում են գործող հիմնական օրենքի՝ Սահմանադրության 28 (Օրենքի առջև ընդհանուր հավասարություն) և 29-րդ (Խտրականության արգելք) հոդվածները»։
Բաղդասարյանն ասաց, որ դրա տիպիկ օրինակն է «Նորք Մարաշի» քրեական գործը, որտեղ փոխվել է գործով անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը, բացի՝ Արթուր Վարդանյանից։
Նրա խոսքով, պատճառը այն է, որ մեղադրող դատախազը գտնում է, որ Արթուր Վարդանյանը ունի կազմակերպչական ընդունակություններ, և կալանքը փոխելուց հետո կարող է ազդել գործով անցնող մյուս ամբաստանյալների վրա։
«Նորք Մարաշի» գործով Արթուր Վարդանյանը և մյուսները մեղադրվում են 2015թ-ի իշխանափոխության մտադրության համար, սակայն 2018թ․-ի ապրիլին նույն այդ իշխանափոխությունը տեղի ունեցավ։ Դրանից հետո համաներման ակտի տակ ընկավ «Սասնա Ծռերի» գործով խումբը , բայց տարօրինակ կերպով, «Նորք Մարաշի» գործով խումբը այդպես էլ չընկավ համաներման տակ»,-ասաց Լևոն Բաղդասարյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ գործադիրը, ի դեմս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, հայտարարեց, որ «Սասնա Ծռերի» գործով հասարակական պահանջ կա, իսկ «Նորք Մարաշի» գործի դեպքում ՝ չկա։
«Սահմանադրությունը ասում է, որ եթե մի գործառույթ ես իրականացնում, դա պետք է բոլորի համար լինի հավասար․ եթե վերցնենք այն հանգամանքը, որ «Նորք Մարաշի» խումբը մեղադրվում է իշխանափոխության մեջ (անգամ այն չի էլ իրականացվել, ընդամենը եղել է մտադրություն), և «Սասնա Ծռերը» նույնպես մեղադրվում են իշխանափոխության մեջ, ապա, այս դեպքում, կամ պետք է համաներման ակտի տակ ընկնեին երկուսն էլ , կամ չընկներ և ոչ մեկը»։
Բաղդասարյանը այս երևույթը որակեց չափազանց վտանգավոր, քանի որ ըստ նրա, ընտրովի արդարադատությունը բերելու է կործանարար հետևանքների։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ