ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վիզաների դյուրացման բանակցություններից, կա՞ մոտավոր ժամկետ, թե երբ կսկսվեն այդ առնչությամբ բանակցությունները: Կարեն Նազարյանը պատասխանեց. «ՀՀ-ԵՄ-ի միջեւ կնքված է վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը եւ դրա կիրարկման համար համապատասխան նախապայմաններ պետք է ստեղծվեն»:
Նա ասաց, որ շարժունակության շուրջ հանդիպումներ են ունենում եւ մանրամասն քննարկում են, ներկայացնում ՀՀ-ի պատրաստակամությունը՝ վիզայի ազատ ռեժիմ ունենալու համար: Կարեն Նազարյանն ասաց, որ վիզայի ազատ ռեժիմ ունենալու հարցը ՀՀ-ԵՄ համաձայնագրում ամրագրված է, մասնավորապես նշված է, որ 2020-ին ՀՀ-ի համար կստեղծվի վիզայի ազատ ռեժիմ:
Կարեն Նազարյանն ասաց, որ այս գործընթացը մեծապես կապված է բարեփոխումների հետ՝ արդարադատության, մարդու իրավունքների բնագավառում. «Հույս ունենք, որ շուտով եվրոպական կողմից ՀՀ կժամանի գնահատման առաքելություն, որի արդյունքում Հայաստանին կտրվի գործողության ծրագիրը, դրա կիրարկումն է, որ մեզ կբերի վիզայի ազատ ռեժիմին՝ եվրոպական երկրների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ