Այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին, ասաց, որ այն ընդունել է այն իրավիճակում, որը կար. «Հողային աշխատանքներ են կատարվել, շենքը խաթարված վիճակում է, ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել: Այն փրկվելի՞ք է, այո՛, վտանգավո՞ր է, այո՛: Եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու»: Ճարտարապետը հորդորեց այդ շենքին մոտ չթողնել երեխաներին: Գլխավոր ճարտարապետն ասաց՝ այլեւս ոչ մի հուշարձան չի քանդվելու:
Անդրադառնալով «Հին Երեւան» նախագծին, ասաց, որ այնտեղ որոշակի նախագծային լուծումներ պետք է փոխվեն. «Հին Երեւան» նախագիծը ճշգրիտ տարբերակն է, թե ինչպես տանեն ճարտարապետին խայտառակ վիճակի, քանի որ սկզբից նրան ամբողջական տվյալներ չեն ներկայացվել: Մինչ ես գլխավոր ճարտարապետ եմ, այլեւս ոչ մի հուշարձան չի քանդվելու»:
Նրա խոսքով, անլուծելի ճարտարապետական խնդիրներ չկան, իսկ նոր կատարվող շինարարություններն էլ կարվեն տրամաբանական սահմանների մեջ: Նրա խոսքով, վիճահարույց բոլոր շինարարությունները կանգնեցվել են մինչև տրամաբանական լուծում գտնելը:
Գլխավոր ճարտարապետը գտնում է, որ ինչ-որ մշակութային օբյեկտին կից ներդրում անող կառուցապատողը պետք է ինչ-որ չափով նաեւ այդ օբյեկտին աջակցի, եթե դրա կարիքը կա.«Ես չեմ կարծում, որ տասնյակ տարիներ լինելու եմ գլխավոր ճարտարապետ, բայց կփորձեմ հնարավորինս արագ իրականացնել ծրագրերը: Բոլորս միասին մտածում ենք թիմային՝ քաղաքապետը, վարչապետը, ոչ մեկն իրարամերժ չի, եւ հուսով ենք՝ կհասնենք հաջողության»:
Արթուր Մեսչյանն անդրադառնալով նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի աշխատանքին, ասաց, որ Հյուսիսային պողոտան իր կարծիքով, լավ նախագիծ է՝ չնայած որ բոլորը դժգոհում էին:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հյուսիսային պողոտայի նախագիծը դժգոհությունների ալիք բարձրացրեց, քանի որ իրացման գոտու բնակիչներին պատշաճ փոխհատուցումներ չէին լինում, շատերն անգամ չէին էլ փոխհատուցվում, դատարանները երբեք հօգուտ բնակիչների վճիռներ չէին կայացնում, պարոն Մեսչյանը պատասխանեց, որ ցանկացած մեծ ծրագիր անելիս առաջանում են այդպիսի խնդիրներ եւ միշտ չէ, որ մինչեւ վերջ մտածում եւ ծրագրում են խնդիրները: Գլխավոր ճարտարապետն ասաց, որ իր օրոք այլեւս նման եղանակով իրացումներ տեղի չեն ունենա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ