Տեղի է ունեցել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ կառավարության և միջազգային հանրության կողմից իրականացվող աշխատանքները:
Պարոն Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ անկախ գործող օրենսգրքի որոշակի մտահոգիչ և մանիպուլյատիվ կարգավորումների: Նա մեծապես կարևորել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարումը և նշել, որ այդ առաքելություններին արդեն իսկ ուղարկվել են պաշտոնական հրավերներ:
Միաժամանակ, պարոն Միրզոյանը նշել է, որ այս օրերին կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ԿԸՀ-ին ընտրությունների կազմակերպմանն աջակցելու հարցում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը տեղեկացրել է ներկաներին, որ կառավարության կողմից ընտրությունների աջակցման ծրագրին ուղղված ֆինանսական աջակցությունն արդեն իսկ հասանելի է, ինչը ողջունվել է միջազգային գործընկերների կողմից: Հաջորդիվ, միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները յուրաքանչյուրն իր մասով տեղեկացրել են գործընկերներին աշխատանքների ընթացքի մասին:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին շարունակական համագործակցության համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ