Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «Հույսը դնում ենք միջազգային գործընկերների վրա»

Նոյեմբեր 06,2018 14:16

«Արդյոք 2019-ի բյուջեն ծրագրային բաղադրիչով է կազմված, որտեղ արդյունքների չափանիշներն արտացոլված լինեն, թե՞ կան վերապահումներ»,- խորհրդարանում ոստիկանության, ԱԱԾ եւ արտակարգ իրավիճակների նախարարության 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց`ըստ համաձայնության սահմանվել է, թե վերջնարդյունքին հասնելու համար այս կամ այն միջոցառումը լավագույնս է արտացոլում. «Խոսքը բացարձակ արժեքների մասին չէ, ներկայացվողը օրենքից բխող է: Այլ հարց է, թե բյուջեի քաղաքական ուղղության հետ պատգամավորները համաձայն կլինեն, թե ոչ, բովանդակության առումով ես ձեռնպահ կմնամ մեկնաբանել»:

Այս հարցը պատգամավորի համար կարեւոր էր, քանի որ 2019 թվականից Հայաստանը պետք է անցներ բյուջետային ֆինանսավորման համակարգին: Այսինքն, այլեւս պետբյուջեով տրամադրվելիք գումարները պետք է կոնկրետ ծրագրերին տրվեն`հաշվի առնելով նաեւ դրանց առաջնահերթությունները, իրականացման համար նախատեսված գործողությունները: Կորյուն Նահապետյանը, մինչդեռ, ուսումնասիրել է նախագիծը եւ հանգել եզրակացության`«արդյունքային ցուցանիշներում նշվածը մի դեպքում կիրառելի չէ, մյուս դեպքում արդյունավետ չէ»:

Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց. «Դուք ձեր գնահատականը տալու հնարավորություն ունեք: Քննարկումներում հնարավորություն կլինի ճիշտ լուծումներ գտնել եւ վեր հանել արդյունավետ ու կիրառելի ցուցանիշները»:

Թեման Կորյուն Նահապետյանը շարունակեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեի քննարկման ժամանակ: Հիմնական զեկուցող փոխնախարարի պաշտոնակատար Արա Նազարյանին դիմելով`պատգամավորը նկատեց. «Ոլորտի բյուջեում հավակնոտ ծրագրեր ենք ամրագրում, բայց շատ ու շատ գերակայությունների համար նախատեսված միջոցներ չկան: Ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը, շատ ծրագրեր հենց այդպես էլ իրականացվում են: Ժամանակն է մոտեցումը փոխել եւ ամրագրել գերակայություններ, որոնց համար գումարներ կան»: Ու շարունակեց`արտակարգ իրավիճակների նախարարության եկող տարվա բյուջեում ամրագրված է`անտառային հրդեհների մոնիտորինգ, սահմանամերձ տարածքներում ճգնաժամային կառավարման կառույցների ստեղծում, աղետների ռիսկերի կառավարման հետ կապված ծրագրեր եւ այլն. կա՞ն սրանց համար միջոցներ:

Արա Նազարյանը պատասխանեց, որ այդ գերակայությունների համար կան կառավարության ծրագրում սահմանված համապատասխան միջոցառումներ: Օրինակ, անտառային հրդեհների մոնիտորինգի համար չկա լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն:

Պատգամավորի մտահոգությունները ուժի մեջ մնացին`տարիներ շարունակ ձեւավորված մոտեցումը`հույսը դնել միջազգային գործընկերների վրա, խելամիտ չէ: Կարելի է փոքր քայլերով եւ սեփական քայլերով առաջ գնալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությանն, ի դեպ, 2019-ին տրամադրվելու է 10, 01 միլիոն դրամ: Սա 12, 3 տոկոսով ավելի է նախորդ տարվա բյուջեից: Անցած տարի եղել է 9, 713 միլիոն դրամ: Ավելացումը, ըստ փոխնախարարի պաշտոնակատարի, նախարարության համակարգում գործող ոչ առեւտրային կազմակերպությունների ԱԱՀ-ի ավելացման հաշվին է եւ պարգեւավճարների գումարների: Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ համակարգում հանդերձանքի հետ կապված խնդիր կա, ամենօրյա հանդերձանքով ապահովում են, բայց, լրացուցիչ հանդերձանք էլ է պետք: Հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի վերանորոգման խնդիր էլ կա: Սրանց համար հավելյալ գումարներ են պետք: Նաեւ ասաց, որ Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի եւ Ճապոնիայի հետ համագործակցության տարբեր ծրագրերով հումանիտար տեխնիկա կստանան, ընդհանուր առմամբ, մոտ 100 միավոր:

Պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ հետաքրքրվեց`որո՞նք են առաջնահերթ խնդիրները: «Սեյսմիկ ծառայության եւ հիդրոօդերեւութաբանության ոլորտում տեխնիկայի արդիականացում, ինչը հնարավորություն կտա երկրաշարժերի կանխատեսումների, հակակարկտային համակարգի զարգացման, անտառային հրդեհների կանխարգելման պլանի կիրառման եւ այլն»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ ավելի լուրջ խնդիրներ էլ կան, բայց դրանք բաց ռեժիմի քննարկման համար չեն:

Ի դեպ, այս տարի բյուջեի քննարկումներն ընթանում են հիմնականում դատարկ դահլիճներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930