ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ոստիկանության համակարգի խնդիրների մասին: Լրագրողներն ասացին, որ դժգոհություն կա համակարգից, մասնավորապես, քրեական հետախուզության վարչությունից բողոքում են, որ արտաժամյա աշխատում են, աշխատավարձերը չեն բարձրանում, նաեւ ասում են, որ դուք հերթով կանչում զրուցում եք այն ոստիկանների հետ, որոնք ուզում են լքել համակարգը՝ Օսիպյանը պատասխանեց. «Ես մտահոգված եմ, որ երիտասարդ աշխատողը, որը պոտենցիալ ունի, ինչու է ուզում համակարգից դուրս գալ: Բայց որ խնդիր կա, թե համակարգից դուրս են գալիս, դա իրականությանը չի համապատասխանում եւ սուտ է: Երբեմն ձեր գործընկերները չճշտված աղբյուրներից տեղեկություն են տարածում, իբր հոսք կա, իբր սաբոտաժ կա: Միշտ էլ հոսք եղել է եւ այն թույլատրելի է: Վստահեցնում եմ, ինչքան որ դուրս են գալիս, նույն հաջողությամբ այդքանն էլ ցանկություն են ունենում վերադառնալու»: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, նա չբացառեց, որ ոստիկանների աշխատավարձը կարող է բարձրանալ:
Օսիպյանը նաեւ ասաց, որ կան մարդիկ, որ էությամբ դժգոհող են. «Լավն էլ անես՝ դժգոհելու են, վատն էլ անես՝ դժգոհելու են: Մարդ կա՝ գիշեր-ցերեկ աշխատում է՝ չի դժգոհում, մարդ կա՝ բան չի անում ու դժգոհում է»: Նա ասաց, որ այդ «բան չանողներից» ուզում են ազատվել:
Ըստ Օսիպյանի, ներկայումս ճանապարհային ոստիկանությունն ավելի լավ է աշխատում, քան տարիներ առաջ, ուղղակի մեր ժողովուրդը չի նկատում, որ ամեն ամիս մեքենաների քանակն ավելանում է, միայն սեպտեմբերին 6000 տրանսպորտային միջոց է ներկրվել ՀՀ, հունվարից մինչ օրս՝ 60 հազար, բայց մեր խաչմերուկները, փողոցները մնում են նույնը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ