Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Aravot.am-ի հարցին՝ ասֆալտին փռելու գործընթացը շարունակվո՞ւմ է՝ պատասխանեց. «Իհարկե, շարունակվում է»: Մենք ճշտեցինք՝ ո՞ւմ եք փռել վերջին շրջանում՝ նա պատասխանեց. «Ով որ խելոք չի պահում օրենքի սահմաններում, լինում են այդպիսի գործընթացներ: Նախկինում էլ են եղել, այսօր էլ, վաղն էլ են լինելու»:
Նա ասաց, որ միշտ էլ բացահայտումներ անում են, կոնկրետ երեկ կաշառքի դեպք են բացահայտել:
Հարցին՝ ասֆալտին փռելու գործընթացից խելոքացե՞լ են օլիգարխները, նրանց թիկնապահները՝ Օսիպյանը պատասխանեց. «Ավելի շատ օրինապահ են դարձել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ 70 հատ զենք ունի, տղամարդը պետք է կրակի, օրինական այդքան մեծ քանակի զենք ունենալը վտանգավոր չի՞՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Օրենքը թույլ է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան ունենալ: Քանակը սահմանափակ չի, միայն թե տեսակները բխի օրենքից»: Նա ասաց, որ չի բացառում, որ օրենսդրական նախաձեռնություն լինի՝ սահմանափակումներ մտցնելու:
Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ինքը զենք է սիրում, մեկ ուրիշը՝ ջութակ, ուստի մենք Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցինք՝ դուք զե՞նք սիրողների մեջ եք, թե՞ ջութակ՝ Օսիպյանը պատասխանեց. «Որպես երաժշտական գործիք, իհարկե, հաճելի է լսել նրա հնչեղությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ