Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր քաղաքապետարանում առաջին ասուլիսով հանդես եկավ: Նա կոչով դիմեց մայրաքաղաքի բնակիչներին՝ ասելով՝ ապօրինի շինարարությանը վե՜րջ, հողազավթմանը վե՜րջ, չի լինելու ապօրինի շինարարություն:
Մեսչյանը վստահեցրեց՝ ով կատարի այդպիսի ապօրինություններ, լուրջ խնդիրներ կունենա. «Մի ստեղծեք ձեզ համար պրոբլեմներ, դրա փոխարեն, ես խոստանում եմ, որ, եթե դուք որոշեք կատարել շինարարական ծրագրեր օրինական ճանապարհով, մենք կաշխատենք հեշտացնել ձեր գործը»:
Գլխավոր ճարտարապետի խոսքով, նրանք որոնք այսօր պատրաստվում են սկսել ապօրինի շինարարություն, ունենալու են լուրջ խնդիրներ. «Մի՜ արեք, խոստանում եմ: Ես գիտեմ, հիմա շատ մարդկանց մոտ ես սարսափելի վատամարդ եմ դուրս գալիս, բայց կներեք, ես մի կերպ դրան կդիմանամ, որովհետեւ այն ինչ ես ասում եմ, դա նպաստելու է հօգուտ մեր Երեւանի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ