Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին ուժեղացել է տարադրամի թանկացման միտումը։ Խոսքը մասնավորապես դոլարին է առնչվում, որ հասցրել է մի քանի նիշով արժեւորվել։ Այսօր արդեն փոխանակման կետերում ամերիկյան արժույթի վաճառքի գինը հասել է 489-ի։ Հաշված օրեր առաջ այն տատանվում էր 484 դրամի շրջակայքում։
Թեեւ վաղ է խոսել դոլարի նկատմամբ ազգային արժույթի գնի շոշափելի անկման մասին, այնուհանդերձ վերջին օրերի զարգացումները վկայում են, որ տարադրամային ճնշումը արժութային շուկայում ակնհայտորեն ուժեղացել է։ Թե այն մինչեւ ուր կհասնի, ցույց կտա ժամանակը։
Ամեն դեպքում, դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։ Ուստի շատ բան կախված կլինի Կենտրոնական բանկի վարքագծից, որի հիմնական գործառույթներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է։
Ամերիկյան արժույթի թանկացումը պայմանավորված է ինչպես առաջարկի կրճատմամբ, այնպես էլ պահանջարկի ավելացմամբ։ Սեզոնային որոշ գործոնների հետեւանքով այս շրջանում պահանջարկի շուկայում սովորաբար տեղի են ունենում նման երեւույթներ։ Ընդ որում՝ այս անգամ վիճակը դժվար թե կարելի է ստանդարտ համարել։
Որքան էլ քաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի արժութային շուկան որոշակի տատանումներից հետո կարողացավ վերականգնել կայունությունը, այնուհանդերձ հաջորդ շրջանում տեղի ունեցող գործընթացները այնքան էլ հօգուտ դրան չէին։ Իշխանափոխությունից հետո արժութային շուկայի տարադրամային հոսքերը նվազել են, որ արտահայտվել է գրեթե բոլոր ուղղություններով։
Ավելին՝ մուտքի կրճատումն ուղեկցվել է նաեւ ելքի ավելացմամբ։ Նման դրսեւորումները բնականաբար բացասական գործոն են ազգային արժույթի կայունության, ինչպես նաեւ շուկայի հավասարակշռության պահպանման համար։
Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաեւ արտաքին հատվածում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումների հետեւանքով վերջին ամիսներին երկիր մտնող տարադրամային հոսքերը կրճատվում են։ Դա արտահայտվում է ինչպես ներդրումների եւ ֆիզիկական անձանց փոխանցումների, այնպես էլ արտաքին առեւտրի հաշվեկշռի վատացման տեսքով։
Զգալիորեն պակասել են օտարերկրյա ներդրումային կապիտալի մուտքերը։ Հայաստանի ֆինանսական համակարգը գրեթե դադարել է տարադրամային միջոցներ ներգրավել այս հատվածից։ Երկրորդ եռամսյակում ուղղակի ներդրումները դրսից եղել են ընդամենը 9,4 մլն դոլար։ Այն դեպքում, երբ տարվա առաջին երեք ամիսներին ստացվել էր 91 մլն դոլար։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում