ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին՝ դուք ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ եք եղել, կո՞ղմ եք, որ համաներմամբ «Սասնա ծռերն» ազատ արձակվեն, թե՞ առարկություն ունեք՝ պատասխանեց. «Ես 2016-ի հայտնի իրադարձություններից հետո բազմաթիվ անգամ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, նաեւ նախաքննության ժամանակ տրված իմ ցուցմունքները պնդում եմ»: Մենք ճշտեցինք՝ այսինքն դե՞մ եք, որ ազատ արձակվեն՝ նա պատասխանեց, որ նախաքննության ժամանակ սպառիչ ցուցմունքներ է տվել ու իր դիրքորոշումը չի փոխվել. «Եվ որպես իրավապահ մարմնի ղեկավար, ե՛ւ որպես ոստիկան, կարծում եմ, յուրաքանչուր հանցանք կատարած անձը պետք է պատասխան տա օրենքի առաջ»:
Նա ասաց, որ կիսում է զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը. «Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել ենք մեր լավագույններին եւ այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ նաեւ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնվի: Այո, ես կողմ եմ դրան եւ իմ, մյուս պատանդների կարծիքը, որոնք տուժող են ճանաչվել, պետք է հաշվի առնվի»:
Դիտարկմանը, որ Պավլիկ Մանուկյանն ասում է՝ դուք պատանդ չեք եղել, միասին նստել եք, կերել-խմել եք, կենացներ եք ասել՝ Վալերի Օսիպյանն արձագանքեց՝ «Բան ու գործ չունեի, 7-8 օր պետք է գործերս թողած գնայի, նստեի այնտեղ»: Ըստ Պավլիկ Մանուկյանի, պատանդը անմիջապես աշխատանքի չէր կարող անցնել, Օսիպյանը հակադարձեց՝ «Ես ուժեղ սպա եմ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ համաներման նախագիծը երբ ընդունվում էր, դուք ընդդիմացա՞ք՝ նա պատասխանեց, որ կառավարության դռնփակ նիստի ժամանակ իր կարծիքը հայտնել է: Հարցին՝ այսինքն, հաշվի չառա՞ն՝ Օսիպյանը պատասխանեց. «Ես բավարարված եմ համաներման տեքստով»:
Մտավախություն կա, որ համաներման արդյունքում երկրում հանցագործությունների թիվը կաճի, քանի որ համաներման շահառու է դառնում շուրջ 6500 անձ: Օսիպյանն ասաց, որ միանշանակ, ռիսկեր կան, չի բացառվում, որ ունենանք կրկնահանցագործություններ, բայց նա ողջունեց համաներումը, որ մարդասիրական ակտ է:
Նա ասաց. «Չեմ բացառում, որ շատերն ուղղվել են, բայց նաեւ չի բացառվում, որ կլինեն կրկնահանցագործություններ: Մենք արդեն դրա մոտեցումն ու փորձն ունենք, մեր պարտականությունն է կանխարգելման աշխատանքները, մենք կիրականացնենք այդ պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ