«Ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Արթուր Վարդանյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և ասել. «Մեր դեմ ես հելել արա, էդ ու՞մ դեմ ես հելել արա»,-այս մասին «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով, Ներք Մարաշի գործով Արթուր Վարդանյանին ձեռնաշղթաներ հագցնելուց հետո, ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հաշվեհարդար է տեսել իր պաշտպանյալի հետ՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով և հրահանգել է, որ չթողնեն շոր հագնի։
«Ես սա համարում եմ պաշտոնական դիրքի չարաշահում և խոշտանգում, որի հետ կապված առկա է հաղորդում, և այսօր այդ հաղորդումը կներկայացվի նաև ՀՀ գլխավոր դատախազին»։
Այն հարցին, թե ինչու այս գործի մասին շատ ավելի վաղ չբարձրաձայնվեց, Բաղդասարյանը պատասխանեց․
«Նախկինում դրա մասին բարձրաձայնելու օգտակար գործողության գործակիցը կլիներ զրո, քանի որ բոլորս գիտենք, որ նախկին իշխանությունների օրոք նման հարցերը չեն լուծվել»։
Բաղդասարյանն ասաց, որ այս դեպքի մասին հիմա բարձրաձայնելու պատճառներից մեկը նաև այն է, որ նոր իշխանությունների օրոք Հունան Պողոսյանը գործադիրում է և բարձր պաշտոն է զբաղեցնում։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ