«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչն այդ պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը։ Ըստ նրա՝ նորություն չի ասի, եթե նշի, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ առաջացրեց Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում, քանի որ առանց նախնական պատրաստությունների՝ սկսվեց հետապնդում այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի առաջին դեմքի նկատմամբ։
«Թվում է՝ ավելորդ է հիշեցնել, քանի որ այդ մասին խոսել ենք, բայց այդ պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցը երկար ժամանակ տարաձայնությունների առարկա էր ՀԱՊԿ անդամ երկրների միջև, տարբեր թեկնածուներ էին առաջադրվել Հայաստանի կողմից, և մեծ խոչընդոտներ հաղթահարելուց հետո հնարավոր եղավ այդ պաշտոնում հաստատել վերջինիս թեկնածությունը, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում էր իր գործընկեր երկրների միջոցով այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը՝ կարծելով, որ այդ պաշտոնը կօգտագործվի ԼՂ հակամարտության հարցում որպես հավելյալ լծակների միջոց, և այլն։ Բայց Մոսկվայի ջանքերով հնարավոր եղավ լուծել այս հարցը, որն արդեն լուրջ դժգոհություններ էր առաջացնում հայ հասարակության շրջանում։ Սակայն այսքան դժվարություններով ստացված պաշտոնի շուրջ տեղի ունեցան խիստ անցանկալի զարգացումներ, որոնք նաև Մոսկվայի սրտով չեն, քանի որ այդ ամենն անակնկալ էր նաև Մոսկվայի համար, ինչն էլ հանգեցրեց հարաբերություններում վստահության շեշտակի անկման, և կկայացվի որոշում՝ փոխանցել այդ պաշտոնը հաջորդ նախագահությանը՝ կանխատեսելով, որ կրկին լուրջ և էլ ավելի լուրջ խոչընդոտներ են լինելու ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի շուրջ։ Կրկին պետք է նշեմ, որ նման կարևոր որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով, առաջին հերթին, տվյալ կազմակերպության կանոնադրությունը, հեղինակությունը և հարգելով գործընկեր երկրներին, միևնույն ժամանակ հաշվի առնելով այն բարդ տարածաշրջանը, հարևանությունը, որում հայտնվել է Հայաստանը, և որքան կարևոր է Հայաստանի համար ՀԱՊԿ անդամակցությունը հայ-ռուսական ռազմատեխնիկական կայուն համագործակցության շնորհիվ։ Բայց ՀՀ իշխանությունների այդ որոշումը հարված էր ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, և առիթ հակառակորդներին՝ առաջ մղելու համար սեփական ծրագրերը»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում