Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքը ձեւավորվել էր հետագայում մեկ կուսակցություն դառնալու հռչակված հեռանկարային նպատակ ունենալով. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 06,2018 12:31

Ի վերջո, «Ելք» դաշինքի առաքելությունը, որ իրենք էլ, ի դեպ, հռչակել էին, քաղաքական առումով տապալված է: Նկատի ունենք այն, որ «Ելք» դաշինքը ձեւավորվել էր հետագայում մեկ կուսակցություն դառնալու հռչակված հեռանկարային նպատակ ունենալով: Կոնկրետ այդ նպատակի իրագործումն ավելի քան ձախողվեց:

Դաշինքը կազմած ուժերը, չնայած հանրագումարում նույնիսկ եկան իշխանության, բայց կարճ ժամանակ անց բեկորվեցին ու առանձնացան, փաստորեն արդեն բոլորը: Ստացվում է այնպես, որ ասացին՝ «ելք կա, ելք կա», ինչից հետո «Ելքից» ելան:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պահն էլ է քաղաքական տեսանկյունից հետաքրքրական դառնում, քանզի ստացվում է, որ այն ձեւավորված է գոյություն չունեցող դաշինքի հիման վրա: Ինչեւէ:
Տվյալ դեպքում հետաքրքիր է «Լուսավորի» ու «Հանրապետության» այս առանձնացումը՝ առաջիկա արտահերթ ընտրությունների խորապատկերում: Տեղի ունեցածի հնարավոր մեկնաբանություններից մեկն այն է, որ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հույս ունեն, որ առանձին-առանձին իրենց կուսակցություններով կամ դրանցով այլ ուժերի հետ առանձին դաշինքներ կազմելով, կկարողանան երկուսն էլ, այսպես ասած՝ անցնել խորհրդարան:

Դա հնարավոր տարբերակ է, մանավանդ եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը նպատակադրվել է գրեթե 100 տոկոսով «գրավել» խորհրդարանը, այսինքն՝ իր «Քաղպայմանագրով» ունենալ երաշխավորված մեծամասնություն, իսկ որպես ընդդիմություն՝ նախկին «ելքական» դաշնակից ուժերին:

Կստացվի, որ իշխող դաշինքը («Ելքի» անդամ բոլոր կուսակցությունները ներկայացված էին Ն.Փաշինյանի կառավարության կազմում) ընտրությունների նախաշեմին տարանջատվեց, որպեսզի առանձին-առանձին վերցնեն խորհրդարանական գրեթե բոլոր մանդատները, հաշվարկով, որ հաջորդ գումարման ԱԺ-ում կլինեն միայն իրենք, թե՛ որպես մեծամասնություն, թե՛ որպես փոքրամասնություն կամ ընդդիմադիր:
Մյուս հնարավոր բացատրությունը կարող է լինել այն, թե «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, որոշել են ոչ թե փորձել դաշինքով հաղթահարել անցողիկ 7 տոկոսանոց շեմը, այլ, առանձին-առանձին՝ 5-տոկոսանոց կուսակցական շեմը:

Սակայն կարող է լինել եւ հակառակը: Ասենք, նշված երկու ուժերը միասին միգուցե կարող էին հաղթահարել 7 տոկոսանոց շեմը, որպես դաշինք, հենց՝ միասնական հանդես գալու շնորհիվ: Մինչդեռ առանձին-առանձին կարող են եւ չմոտենալ ԱԺ-ում ներկայացված լինելու համար կուսակցություններին անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմին: Դա էլ չի կարելի բացառել:

Նման տարանջատումից, իհարկե, կարող է մեխանիկորեն շահել մեկ այլ կուսակցություն, որը ձգտում է լինել երկրորդը կամ երրորդը, ասենք՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն:

Հետաքրքիր է եւ այն, որ չնայած խորհրդարանական կառավարման մոդելը պետք է որ խթաներ կուսակցությունների խոշորացման գործընթացը, առայժմ դիտվում է հակառակը՝ եղած դաշինքների միավորների տարանջատում: Անկախ այն բանից, թե ինչ բարյացակամ արտահայտություններով են նրանք միմյանցից բաժանվում, քաղաքական իրողությունը դրանից ավելի քաղցրահամ չի դառնում:
Առավել եւս, երբ մեկ-մեկուկես տարի առաջ մարդիկ հավանական էին համարում երեք կուսակցությունից մեկը ձեւավորելու հեռանկարը, բայց այսօր տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը գնում է առանձին ու իր ճանապարհով:

Տ.ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930