Ավելի քան 20 տարի ՀՀ-ում իշխանություն եղած ՀՀԿ-ի վարած քաղաքականության արդյունքում ընդդիմադիր բոլոր կուսակցություններն ու դաշինքները հետեւողականորեն ուժասպառ են արվել եւ դուրս մղվել քաղաքական դաշտից: Քաղաքական դաշտում գտնվող մյուս կուսակցությունները մեծ մասով կատարել են հաճախորդի դերակատարություն: Մե՛կ որպես ընդդիմություն, մե՛կ որպես իշխանությանը մաս կազմող կոալիցիայում հանդես եկող կուսակցությունները երկար տարիներ երկրում քաղաքական ակտիվ կյանքի իմիտացիա են ստեղծել` նպատակ ունենալով թե՛ միջազգային եւ թե՛ մեր հանրությանը ցույց տալու, որ Հայաստանը բազմակուսակցական, ազատ ու մրցակցային երկիր է, որտեղ խորհրդարանում գործող իշխանությունը կարող է ունենալ եւ ունի լուրջ հակակշիռ: Թե՛ տարիների ընթացքում տարբեր անուններով հանդես եկող «Օրինաց երկիր» կուսակցությունը, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն եւ այլ կուսակցություններ, մեծամասամբ ընդդիմությունից մինչեւ կոալիցիա ու հակառակը շրջապտույտի մեջ, ունեցել են այս հանձնառությունը:
Այս հանձնառությունից դուրս կուսակցությունների ցանկացած լուրջ քայլ գործող իշխանության կողմից արժանացել է կոպիտ պատժամիջոցների: Օրինակները շատ չեն, որովհետեւ այդ կուսակցությունները միշտ վախ են ունեցել եղած նվազագույնը կորցնելու․ կարող ենք հիշել 2015 թվականին ԲՀԿ առաջնորդի դեմ կատարված արշավը: Այլ հարց է, թե այս հանձնառությունից զատ այդ կուսակցություններն ինչ քայլեր են կատարել երկրի պետականաշինության գործում: Արդյունքում երկրում ստեղծվել էր մի իրավիճակ, որի պայմաններում ձեւավորված իշխանական բուրգում որեւէ պաշտոնի արժանանալու համար պետք էր անդամագրվել իշխող կուսակցությանը կամ, նվազագույն դեպքում` լինել հաճախորդ կուսակցության անդամ: Այս է պատճառը, որ վերջին քսան տարում կարծրացած քաղաքական դաշտում «ճամբարափոխության» շատ դեպքեր տեղի չեն ունեցել, որովհետեւ քաղաքական դաշտում ինչ-ինչ հավակնություններ ունեցող յուրաքանչյուր ոք գիտեր, թե որն է իշխանական բուրգ տանող ճանապարհը: Իսկ նոր իշխանության ձեւավորման պայմաններում, երբ վերադասավորումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում, «ճամբարափոխություններն» անխուսափելի են:
Եվ ինչպես ցույց են տալիս զարգացումները, իշխող «ՔՊ» կուսակցությունը որոշ դեպքերում մեծ սիրով ընդունում է «ճամբարափոխներին»: Իհարկե, երկրում նման կտրուկ փոփոխության պայմաններում իշխող կուսակցություն անդամագրվել ցանկացողների թիվը տրամաբանորեն շատ է (ըստ տարածված տեղեկությունների` շուրջ յոթ հազար), որովհետեւ հեղափոխության օրերին փողոցներ փակած ու հավաքներին մասնակցած մարդկանց գոնե մի մասը կառավարության մաս դառնալու հավակնություն ունի: Սակայն եթե հեղափոխության հռչակած առաջնային նպատակներից մեկը քաղաքական դաշտի անառողջ վիճակի լավացումն է, ապա «ճամբարափոխ» եղած քաղաքական գործիչներին ջերմությամբ ընդունելով՝ դա տեղի չի ունենա: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «ՔՊ» կուսակցությունը ռեյտինգային կարգով առաջադրվող կադրերի խնդիր ունի մարզերում, իսկ ձայներ հավաքողների պատրաստակամության պակաս, անշուշտ` ոչ: Երկար տարիներ ՀՀԿ-ի համար լուրջ ձայներ ապահոված մարդիկ այժմ վստահորեն նույնն առաջարկում են «ՔՊ»-ին: Հիմա հարց է առաջանում՝ եթե «ՔՊ» կուսակցությունը ՀՀԿ-ի սկզբունքներով ընդունի «ճամբարափոխներին» ու օգտագործի իր կուսակցական շահերն առաջ տանելու համար, համագործակցի շրջաններում ու Երեւանում լուրջ ձայներ «խփող» թեկնածուների հետ, այդ դեպքում «ՔՊ»-ն արդյոք չի՞ հավակնի դառնալու մի նոր ՀՀԿ:
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում