«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանի հետ։
– Ի վերջո, ո՞րն է «Լույս» դաշինքի պառակտման պատճառը, եւ ի՞նչ առաջարկ է եղել Էդմոն Մարուքյանի կողմից։
– Բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ մասնակցելու ենք ոչ թե «Լույս» դաշինքի ֆորմատով, այլ միմյանցից անկախ։ «Լուսավոր Հայաստանը», ըստ էության, գնալու է հենց իրենց կուսակցությունով։ Մեզ համար անընդունելի էր կուսակցական ֆորմատը, որովհետեւ մենք գնում էինք դառնալու երկրորդ ուժը խորհրդարանում։ Եվ կուսակցական ֆորմատն անընդունելի է, քանի որ այդտեղ կա 5 տոկոս հաղթահարելու մտավախություն, եւ մեր կուսակցության յուրաքանչյուր անդամի համար դա անընդունելի էր։
Իհարկե «Իմ քայլը» դաշինքը վերցնելու է մեծամասնություն, քանի որ հեղափոխություն արած ուժ է եւ սիրված վարչապետ, եւ միանշանակ առաջին տեղ ժողովուրդը նրանց է տեսնելու։ Այդտեղ արդեն առաջ են գալիս ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն։ Եվ վերջինի պարագայում ես կարծում եմ, որ պետք է ողջախոհություն դրսեւորեն եւ չմասնակցեն ընտրություններին։ Իսկ մենք՝ կուսակցությունով քննարկումների մեջ ենք այլ կուսակցությունների հետ, եւ մեծ հավանականություն կա, որ ընտրություններին կմասնակցենք դաշինքային ֆորմատով։
– Խոսքը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների մասի՞ն է:
– Քննարկումներ իրենց հետ ընթանում են։ Կուսակցության հետ որեւէ խնդիր չկա, մենք իրենց հետ համախոհներ ենք։ Այդտեղ մենք խնդիր չենք տեսնում։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Գուցե եւ մենք ցուցակ ներառենք նաեւ քաղաքացիական ակտիվիստների, այլ կուսակցություններից թեկնածուներ եւս. այդ ամենը քննարկումների փուլում է։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում