2017-ին ընտրված Ազգային ժողովի արձակմամբ Հայաստանում դե-ֆակտո սնանկ հայտարարվեց իմիտացիոն, ֆասադային կամ, ինչպես մեր «ռազմավարական դաշնակցի» պալատական քաղտեխնոլոգներն են ասում՝ «սուվերեն» ժողովրդավարության մոդելը։
Ինչպիսի՞ն է լինելու վաղվա հայկական քաղաքական դաշտը։ Այդ հարցի պատասխանը, գոնե իր հիմնական ուրվագծերով, այսօր գոյություն չունի։ Փաստն այն է, որ նախկին իշխանության կողմից «տասնամյակներով կառուցածը», որը մասամբ՝ թյուրիմացաբար, մասամբ էլ՝ պայմանականորեն քաղաքական դաշտ էր կոչվում, այսօր ավերակների մեջ է։
Հեղափոխական թիմի հռչակած սկզբունքների իրագործման երաշխիքն այսօր առայժմ միայն նրանց «ազնիվ խոսքն» է, ինչպես նաեւ քաղաքացիների վստահությունը եւ հավատը, որ այն գործուն է։ Սակայն, ինչպես հայտնի է, կյանքն ավելի բարդ է, եւ ձեւավորվող համակարգը կարիք է ունենալու նվազագույն ինստիտուցիոնալ երաշխիքների՝ օրենսդրական, վարչական, դատաիրավական մեխանիզմների, իշխանության թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների իրական եւ աշխատող համակարգի ձեւավորման։ Նոր կառավարման ձեւավորումից հետո պարզ դարձավ, որ այստեղ էլ է մեծ հաշվով ավերակ, եւ «հավասարակշռությունն» ապահովվում է կառավարության քաղաքական կամքով, քաղաքացիական հասարակության ակտիվությամբ, ազատ խոսքով եւ մամուլով։
Ըստ ամենայնի, գործընթացը տանում է դեկտեմբերյան ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» ջախջախիչ հաղթանակի, որի արդյունքում Ազգային ժողովում կձեւավորվի սահմանադրական մեծամասնություն։ Այստեղ չկա որեւէ արտառոց բան. հեղափոխությունը գործադիր իշխանությունը նվաճելուց հետո պետք է օրինաչափորեն նվաճի նաեւ օրենսդիրը, մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում, հաղթահարելով աննորմալ իրավիճակը, որը մշտապես սպառնում էր երկիշխանության եւ ռեւանշի ուրվականով։ Իսկ դրանից հետո, նույնպես օրինաչափորեն, «արդուկվելու» է դատական համակարգը։
Իսկ օրինաչափություններից դուրս է, ենթակա չէ որեւէ օրինաչափության, թե դրանից ինչ կշահեն հասարակությունը եւ պետությունը. դա արդեն բազմաթիվ անհայտներով հավասարում է, որը պետք է «լուծվի», իսկ անհայտները «փոխարկվեն» շատ կոնկրետ գործնական քայլերով, որոնց հաջողությունը կախված է լինելու նրանից, թե որքանով նոր իշխանությունը կկարողանա պետական եւ հասարակական շահի տեսակետից էֆեկտիվ վարչակազմ ստեղծել։ Ասելով «էֆեկտիվ» եւ ասելով «հաջողություն»՝ ենթադրվում են հենց այն ինստիտուցիոնալ իրական երաշխիքները, ինչի մասին խոսք գնաց վերեւում, ինչպես նաեւ՝ նոր քաղաքական մշակույթը։
Դա այն կենսականորեն անհրաժեշտ գործիքակազմն է, առանց որի հնարավոր չէ հեղափոխական քայլերը շարունակել հասարակական հարաբերությունների հարթության վրա, մասնավորաբար՝ կազմաքանդելու արատավոր «միկրոհամակարգերը» տեղերում՝ կոռուպցիոն-մաֆիոզ-կլանային կառույցները, միջնադարյան մոնղոլական «յառլիկի» ինստիտուտը, որը գործում էր նույնիսկ միջպետական հարաբերություններում՝ «լեգիտիմացնելով» իշխանությանը հետխորհրդային տարածքում, այնուհետեւ փոխանցվում տեղերում օլիգարխներին, մարզպետերին, քաղաքապետ-թաղապետերին, թաղ-փողոց-գյուղ «նայողներին» եւ այլն։ Այդ ասիական միջնադարին պետք է գան փոխարինելու լեգալ ինստիտուտները, որոնք պետք է արտացոլեն փոփոխված հանրային բարքերը։ Կրկնենք, որ այստեղ առայժմ ավերակներ են, եւ որքան էլ որ դա անիրատեսական թվա, մենք չենք կարող վկայակոչել անգլիական սիզամարգի պատմությունը եւ կոչ անել դարերով սպասել. սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծում ստանան կամ էական տեղաշարժեր արձանագրվեն մոտ եւ տեսանելի ապագայում։
Հայաստանում ձեւավորվելիք քաղաքական համակարգի կարեւորագույն բացերն են կուսակցությունների անընդունելի աստիճանի թուլությունը եւ ընդդիմության խնդիրը։ Նախորդ իշխանության գործունեության արդյունքներից մեկն էր, եւ դա որպես ժառանգություն անցավ նոր կառավարությանը՝ դա քաղաքական դաշտի ամայացումը եւ բետոնապատումն էր, քանզի այդպես հեշտ էր կառավարելի պահել իրավիճակը, իսկ կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգը՝ անձեռնմխելի։ Տնտեսական ոլորտի, մայրաքաղաքի եւ համայնքների ռացիոնալ կառավարման, առանձին ճյուղերի առողջացման խնդիրների հետ մեկտեղ կարեւորագույն խնդիրներից է նաեւ ապագա քաղաքական դաշտի ճարտարապետությունը։
Գաղափարական հենքի վրա կուսակցությունների ստեղծումը, նրանց կայացումը, հարյուրից ավելի «մեկ մարդու» կուսակցությունների դուրսբերումը քաղաքական ասպարեզից՝ սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն նոր իշխանության կողմից համապատասխան օրենսդրական աշխատանքի շնորհիվ։ Եվ միանգամայն անտեղի են խոսակցությունները, թե դրանով իսկ իշխանությունը «կառավարելի ընդդիմություն» է ստեղծելու, ինչի կարիքը չունի։ Դա պարզ մանիպուլյացիայի պարզ հնարքներից է, եւ ավերակների պայմաններում իշխանությունը պարզապես չի կարող մատների արանքով նայել, թե ինչպես է հին ապաքաղաքական տարրերի փոխարեն դաշտը լցվում կամ լցոնվում նոր ապաքաղաքական տարրերով։ Դրա համար անհրաժեշտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջինն ինքը ներկայանա իր գաղափարական կողմնորոշիչներով։ Եթե գաղափարական հարցերում ամեն բան շարունակի ծածկվել «այն, ինչ լավ է ժողովրդի համար՝ կողմ ենք, այն, ինչ վատ է՝ դեմ ենք» մոտավոր թեզով, ապա դրա ընդդիմախոսներինը կշարունակի լինել նույն ինքը՝ «ամեն ինչ ժողովրդի համար», «ազգային միասնությունը», «ծլող-ծաղկող Հայաստանը», «ճիշտ Հայաստանը», «հանուն լավ Հայաստանի» եւ «ընդդեմ վատ Հայաստանի»։ Իսկ դա արդեն գաղափարախոսություն չէ, այլ գավառական կրկես, որը տեսել ենք, որից կուշտ ենք…
Ցավոք սրտի, ի տարբերություն արեւելաեվրոպական երկրների՝ Հայաստանում ոչ կոմունիստները, ոչ էլ հանրապետականները չունեցան այն իմաստնությունը, որը դրսեւորվեց, օրինակ, Լեհաստանում կամ Չեխիայում «նախկինների» կողմից, որոնք վերակազմավորվեցին, վերակազմակերպվեցին եւ զբաղեցնելով քաղաքական սպեկտրի զանազան հատվածներ՝ դարձան սեփական երկրի ժողովրդավարական համակարգի կարեւորագույն բաղկացուցիչը։ Չմոռանանք, որ, օրինակ, Լեհաստանի՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը տեղի ունեցավ նախկին կոմունիստ, այնուհետեւ սոցիալ-դեմոկրատ Ալեքսանդր Կվասնեւսկու նախագահության օրոք… Իսկ մեզ մոտ… Իշխանության մեջ տապալվածները տապալեցին ընդդիմություն լինելու հեռանկարները, մինչդեռ բոլոր հնարավորություններն ունեին, նախ, գոնե պատվով հեռանալու՝ առանց սեփական ոտքերին կրակելու։
Դրա համար, նախեւառաջ, անհրաժեշտ էր հենց սկզբից ընդունել գրված եւ չգրված՝ խաղի նոր կանոնները, այլ ոչ թե անիմաստ համառությամբ, ներսում՝ ոչ ադեկվատ, իսկ դրսում՝ պետության համար վտանգավոր, չարամիտ եւ վնասակար հայտարարություններով եւ գործունեությամբ հարուցել պարզապես ալերգիա, իսկ հետո բողոքել «ատելության մթնոլորտից»։
Հիշեցնենք նաեւ, որ երբ նոր կազմավորված «Ելք» դաշինքն արձանագրեց ընդամենը 7 տոկոս արդյունք 2017 թվականի վիճահարույց խորհրդարանական ընտրություններին, երեք կուսակցություններն էլ նախ ընդունեցին այն՝ դրսեւորելով հայկական ընդդիմությունների համար ոչ ավանդական կեցվածք. ընդունեցին թե՛ գրված կանոնները, թե՛ հաշվի նստեցին չգրված կանոնների հետ՝ նախեւառաջ փորձելով հասկանալ, թե ի՞նչ է այնտեղ այնուամենայնիվ «գրված», նաեւ՝ ինչո՞ւ։ Իսկ մեկ տարի անց «կարդացին», այն էլ «բարձրաձայն» եւ մասսայաբար… Իսկ այսօր Հայաստանի քաղաքական դաշտի սպեկտրի գրեթե բոլոր հատվածները թափուր են եւ սպասում են համապատասխան դերակատարներին։
Քաղաքականության մեջ սրբեր չկան, սովորական մահկանացուներ են՝ իրենց բոլոր հնարավոր եւ անհնարին թերություններով, եւ առաջիկա ընտրություններին ներկայանալու են պատգամավորության, այլ ոչ թե սրբադասման թեկնածուներ, եւ հավակնելու են լավագույնս աշխատելու եւ սպասարկելու քաղաքացիների շահերը, ինչի դիմաց վճարվելու են մեր հարկերից գոյացած միջոցներով։ Մենք էլ կորոշենք, թե նրանցից ով դա լավագույնս կանի՝ մեզ վրա վերցնելով պատասխանատվությունը մեր ընտրության համար։ Ընտրության, որի իրական իրավունքն ունենալու համար էր նաեւ մեր գարնանային հեղափոխությունը։ Իսկ հիմա իշխանությանն ուղղակի չի կարելի «մենակ թողնել». դա չի բխում ո՛չ մեր, ո՛չ իշխանության, ոչ էլ պետության շահերից։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
06.11.2018