Երեւանի պետական համալսարանն հայտարարություն էր տարածել՝ մասնավորապես նշելով. «Չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն եւ համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ Վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն եւ պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն։ Չի բացառվում նաեւ, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության եւ անթույլատրելի շտապողականության հետեւանք է։ Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսեւորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ եւ ապահովել իրականացվող ստուգումների անաչառությունը։ Դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության»։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից երեկ տեղեկացանք, որ պահանջված փաստարկները չեն ներկայացվել, բայց բուհն էլ դատարան չի դիմել։ «Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնեն ակտով։ Ակտը բերում են քննարկման այն ժամանակ, երբ որ ավարտում են գործընթացը։ Ամսվա վերջին կավարտեն, ակտը կբերեն, կքննարկենք, այն ժամանակ կարող եմ մեկնաբանություններ տալ։ Հիմա ես խոսելու եւ ասելու բան չունեմ, որովհետեւ ես չեմ տեսել ակտը, չգիտեմ՝ ինչ թերություններ կան, ինչի մասին իրենք պետք է խոսեն։ Ես բացարձակ ինֆորմացիա չունեմ ընթացքի մասին, թե ինչ են իրենք գրելու այդ .ակտում։ Որեւէ բան դեռ ինձ հետ ոչ քննարկել են, ոչ ասել են, ոչ էլ ավարտվել է այդ պրոցեսը»,- ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե ստացվում է ԵՊՀ հայտարարության իմաստը չկար, եթե Վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանի հայտարարությունների հիմնավորումները այսպես թե այնպես պետք է ներկայացնի միայն գործընթացի ավարտից հետո ու ոչ միջանկյալ տարբերակով, ռեկտորը պատասխանեց. «Իր հայտարարությանն ի պատասխան մենք էլ ենք տվել հայտարարություն։ Այդքան բան։ Ուրիշ ոչ մի բան չկա»։
ԵՊՀ ռեկտորը համոզմունք է հայտնում, որ վերոնշալ՝ առնվազն 700 միլիոն դրամ կազմող չարաշահումները չեն եղել։ «Ես ինձ վրա վստահ եմ, համալսարանի կոլեկտիվի վրա վստահ եմ, հիմա պիտի սպասենք, ակտը լինի, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում