Այսօր նույնիսկ «հեղափոխության» ակունքներից ջուր խմող կայքերն են գրում. «Խաչատուրովի պատասխանատվության հարցն անհրաժեշտ էր լուծել՝ նրա կարգավիճակից բխող ընթացակարգերը հաշվի առնելով։ Ասենք՝ որեւէ մեկը չէր խանգարում, որ Խաչատուրովի մեղադրանքի ու կալանավորման հարցը լուծվեր, երբ կարգավորված կլիներ ՀԱՊԿ-ից նրա հետկանչման հարցը։ Փաշինյանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում չափազանց ուժեղ է Բաքվի անուղղակի ազդեցությունը, ու առնվազն Ղազախստանն ու Բելառուսը պատրվակ են փնտրում Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու համար։ Հայաստանի իշխանությունը տվեց այդ պատրվակը՝ ազատելով նաեւ Մոսկվայի ձեռքերը, որն օբյեկտիվորեն դժգոհ էր Հայաստանի հետհեղափոխական իրողություններից»: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ Փաշինյանը եւ արտաքին քաղաքականության համար պատասխանատու նրա թիմը մի քանի սխալ են գործել` վտանգելով նաեւ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգության տեսանկյունից մի քանի անգամ ավելի կարեւոր են, քան ՀԱՊԿ-ում Հայաստանի «տեսակարար կշիռը»:
Երբ այս ամենից հետո Փաշինյանը հայտարարում է, թե հայ-ռուսական հարաբերություններն ավելի են լավանալու, մարդ ակամա տագնապում է` ուրիշ ի՞նչ կա նրա մտքին, որ տակավին անհայտ է մեզ: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման իրողությունը մտահոգիչ է այն առումով, որ մեր իշխանություններն ապահովագրված չեն ներքին պայմանավորվածությունների գաղտնիության տեսանկյունից, եւ ամեն ինչ ամենաանհարմար պահին կարող է հրապարակվել եւ նորանոր սկանդալների պատճառ դառնալ: Եթե հայտնի գաղտնալսման հետ կապված կասկածները տանում են դեպի ռուսական հատուկ ծառայություններ, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ մեզ չեն գաղտնալսում արեւմտյան ականջները, որոնք պակաս տարակուսած չեն Ռուսաստանի հանդեպ մեր անհասկանալի արտաքին քաղաքականությունից: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է Ջոն Բոլթոնի հնարավորություններին:
Սեպտեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը մեզ համար ուղղակի հաջողություն կլինի գլխավոր քարտուղարի պաշտոնը պահելը: Այդ ուղղությամբ Փաշինյանի թիմը լուրջ աշխատանքներ է տարել, եթե հաշվի առնենք ՀՀ արտգործնախարարի հայտարարությունները: Ռուսական մամուլը հակառակն է պնդում եւ նույնիսկ հրապարակել է հավանական նոր գլխավոր քարտուղարի անունը, որը Բելառուսի ներկայացուցիչն է: Մնում է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանին վերջին պահին կհաջողվի գործընկերներին համոզել, որ Հայաստանը զղջում է Խաչատուրովի հետ կապված շտապողական քայլերի համար եւ երաշխավորում, որ ՀԱՊԿ-ում իր հաջորդ ներկայացուցչին քրեական պատասխանատվության չի ենթարկի՝ առանց նախապես հետ կանչելու բարձր պաշտոնից: Իսկ մինչ այդ Փաշինյանը դեռ պետք է մեկնի Աստանա: Կարծում ենք` կմեկնի, «թոթի» օղու եւ Բակո Սահակյանի բարերար ազդեցությունից հետո հաստատ կմեկնի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում