Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը». երկիրը խթանող մարքեթինգային քարոզարշավ է սկսվել

Նոյեմբեր 06,2018 11:23

Արտահանման և ներդրումների խթանման նպատակով Բիզնես Արմենիան 6 ոլորտային և երկրի իմիջն ու գրավչությունները ներկայացնող մեկ ընդհանուր մարքեթինգային փաթեթ է պատրաստել։ Նյութերը հրապարակվելու են «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Նյութերն անգլերեն են, առաջին հերթին ուղղված են միջազգային ներդրողներին ու գործարարներին, արտերկրյա հարթակներում հասանելի դարձնելու նպատակ է դրված։

Հայաստանի գրավչությունները կներկայացվեն դեղագործության, Էներեգետիկայի, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլ, ՏՏ, ոսկերչության ոլորտների օրինակներով։ Մարքեթինգային փաթեթներն ընդգրկում են տեսանյութ (շուրջ 2 րոպե տևողությամբ), ոլորտային հետազոտություններ, հաջողության պատմություններ, տպագիր նյութեր։

Բիզնես Արմենիան YouTube-յան իր պաշտոնական ալիքում հրապարակել է առաջին տեսանյութը՝ ՏՏ ոլորտի վերաբերյալ

Տեսանյութը ներկայացնում է մարդկանց, ցուցանիշեր, բիզնեսի արտոնություններն ու պայմանները։

Բիզնես Արմենիայի հետազոտության խմբի ուսումնասիրությամբ, վերջին երեք տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտը տարեկան միջինը 38 տոկոսով արտահանման աճ է գրանցել, հիմնականում՝ Միացյալ Նահանգներ, Կանադա, Եվրոպա ուղղություններով։ Միայն անցած տարի ոլորտը 338.6 միլիոն դոլարի արտահանում է ապահովել, 150-ից ավելի նորաստեղծ ընկերություն է գրանցվել։

Հաջողության պատմությունների շարքում են «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի», «Բենիվոյի» և «Սինոփսիս Արմենիայի» օրինակները։

«Սա Հայաստանի ներդրումային և գործարար գրավչությունները ներկայացնելու համապարփակ ու պրոֆեսիոնալ քայլ է։ Փաթեթը չի պարունակում անխտիր բոլոր ցուցանիշերը երկրի վերաբերյալ։ Գլխավոր խնդիրը պոտենցիալ ներդրողներին դեպի «Select Armenia» հարթակ ուղղորդելն է, որտեղ մանրամասն տեղեկատվություն է հրապարակվում Հայաստանի մասին»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Տեսանյութերի հեղինակային իրավունքները պատկանում են Բիզնես Արմենիային, սակայն մեր երկրի ներդրումային և բիզնես միջավայրի խթանման նպատակով գործարարները, լրատվամիջոցներն ու այլ կազմակերպություններ ազատորեն կարող են այն տարածել, ներկայացնել համաժողովներին ու շնորհանդեսներին»,- նշել է Բիզնես Արմենիայի Մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը։

Աշխատանքները համակարգել է Բիզնես Արմենիայի Մարքեթինգի խումբը, տեսանյութերը պատրաստել է «Դոպինգ» ընկերությունը, որը, գնումների մասին օրենքի պահանջով, ընտրվել է մրցույթով։

«Նկարահանումները կատարվել են շուրջ 4 ամիս, ընդգրկել են ամբողջ Հայաստանը, բոլոր մարզերը, կադրերն արվել են հատուկ այդ տեսահոլովակների համար՝ ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը»,- նշել է «Դոպինգ» ընկերության ստեղծագործական խմբի ղեկավար Հովհաննես Մարգարյանը։

Ընդհանուր առմամբ, ամբողջ քարոզարշավի համար հատկացվում է 19 միլիոն դրամ բյուջե։

 

Բիզնես Արմենիայի Հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930